Առողջությունը մարդու ամենաթանկ կապիտալն է: Պատահական չէ, որ ամենաջերմ ու գիտակցված մաղթանքներում իր առաջնային տեղն ունի «առողջություն» արտահայտությունը: Ցավոք սրտի, ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումներն ամբողջ աշխարհում հավասարապես տեղաբաշխված չեն և շատ հաճախ ահռելի ծախսերի հետ են կապված:
ԱՄՆ-ի «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները Հայաստան են ժամանել կարիքավոր համայնքների բնակիչներին օգնելու, բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով:
Բարձր որակավորում ունեցող բժիշկների խումբն արդեն հասցրել է հրաշքներ գործել մեր երկրում: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ 35-ամյա Լիլիթը, որը երեք երեխաների մայր է, մեկ գիշերում կորցրել էր խոսելու ունակությունը: Նախկինում դիմածնոտային որևէ խնդիր չունեցող կինը մի առավոտ հայտնաբերել է, որ չի կարողանում բերանը բացել-փակել, խոսել և ուտել: Հարազատները նրան կերակրել են ձողի միջոցով: Բժիշկները պարզել են, որ տիկնոջ մոտ բերանի մկանային, հոդային խանգարում է տեղի ունեցել: Արտերկրից ժամանած մասնագետները մի քանի ժամ շարունակ բարդ վիրահատություն են իրականացրել և հոդերի տեղափոխում կատարել, ինչի արդյունքում Լիլիթն արդեն կարողանում է բերանը նորմալ բացել:
ԱՄՆ-ից ժամանած բժիշկները մեծ աջակցություն են ցուցաբերել հատկապես սահմանամերձ բնակավայրերին, մասնավորապես՝ Տավուշի մարզի գյուղերին:
Հաճելի է փաստել նման դեպքերը: Մարդու առողջության խնդիրներին վերաբերող ցանկացած ծրագիր ողջունելի է և պատվաբեր: