Այս ի՞նչ խեղճանալ են խեղճացել ԲՀԿ-ում։ Ես, իհարկե, չէի հավատում, որ ԲՀԿ-ն կարող է լիարժեք ու հարատև առճակատման մեջ մտնել ՀՀԿ-ի և նախագահի հետ, բայց որ ընդամենը մեկ օրում ԲՀԿ-ի առաջամարտիկներից մեկը՝ Ուրիխանյանը, իր հռետորիկան ագրեսիվ հարձակվողականից փոխեց դեպի արդարացող ու խղճահարույց ճառերի... Ողբամ քեզ, հայոց քաղաքական համակարգ, ուրիշ ի՞նչ ասեմ։
Դատեք ինքներդ, արդյո՞ք սա, ինչպես իրենք են սիրում իրենց որակել, «500000-ից ավել կողմնակից ունեցող, Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի» մամուլի խոսնակին հարիր ասելիք է, թե՞ 15 տարեկան մի տղայի, ում ապտակել են անհաջող կատակի համար.
«Ի՞նչ վատ բան էր ասվել իմ կողմից: Իմ կողմից բերվել էր ընդամենը փաստ, իրականություն, որ Ծառուկյանի հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները ստանում են արժանի հակահարված միլիոնավոր հայաստանցիների կողմից: Ի՞նչն էր պատճառը, որ Շարմազանովը շուռ եկավ եւ անհատական, անձնական վիրավորանքների տարափ տեղաց իմ ուղղությամբ: Այ էդպես է անում, որ իր մասին համապատասխան կարծիք են կազմում մարդիկ, բա ո՞ւր մնաց հանդուրժողականությունը, բա ո՞ւր մնաց թիկունքից չհարվածելը ԲՀԿ պատվիրակությանը, որը գտնվում էր արտասահմանում եւ բանակցություններ վարում օտարերկրացիների հետ: Ուրեմն հանդգնությունը հասել է այն աստիճանի, որ թույլ իշխանությունը կարող է պախարակել, վարկաբեկել մի պատվիրակության, որը բաղկացած է ԱԺ պատգամավորներից եւ բանակցում է արտասահմանցիների հետ»։
Կամ մյուս դրվագը, որտեղ Ուրիխանյանը պատասխանում է անհարմար այն հարցին, թե այդ ո՞նց եղավ, որ դուք այսպես բարձր բողոքում եք կոռուպցիայից, բայց մոռանում եք, որ ոչ վաղ անցյալում ինքներդ իշխանության մասն էիք ու ունեիք Ձեր նախարարները։ Ուրիխանյանի պատասխանները լսես՝ կմտածես, որ ԲՀԿ-ական նախարարները անմեղ գառներ էին, որոնց պարզապես շղթայով համում էին իրենց աշխատասենյակներում, իսկ նրանց չար ու ստոր հանրապետական կադրերը սկսում էին փոշիացնել պետական միջոցները՝ ուշադրություն չդարձնելով ԲՀԿ-ական նախարարների աղերսագին ու աղիողորմ խնդրանքներին, որպեսզի նրանք դա չանեն։ Վարդան Վարդանյանն էլ դրա վառ օրինակ։
Այստեղ են ասել՝ պետք չէ Հռոմի պապուց ավելի կաթոլիկ լինել։ Ի սկզբանե սխալ մարտավարություն ընտրեց ԲՀԿ-ն ու ի սկզբանե գերագնահատեց շատ բաներ ու հատկապես Ծառուկյանի իրական քաշն ու պոտենցիալը ու ինչ-որ պահ, երբ ստրկամտության ու պնակալեզության մթնոլորտը մթագնեց նրանց իրականության զգացողությունը, դաժան քաղաքականությունը չոր ապտակ հասցրեց։
Անձամբ ինձ համար որքան արատավոր է ԲՀԿ-ն, առնվազն այդքան էլ արատավոր է ՀՀԿ-ն, բայց եթե Ուրիխանյանն ու այլ ԲՀԿ-ական ֆիգուրներ, որոնք այսօր ձեռնամուխ են եղել քաղաքական պայքարում մաքսիմալ դիվիդենտներ քաղելուն, ուզում են, որպեսզի տարրական հարգանք վայելեն, գոնե որպես տղամարդ, ապա կներեք ինձ, բայց թող հնարավորինս քիչ նման տուզիկական հեծկլտանքներ թույլ տան իրենց լրագրողների մոտ։
Կից նյութն`այստեղ