Tert.am-ը գրում է.

Քաղաքական մոնոպոլիայի սահմանադրական սկզբունքը մնում է և դրանից հետո երկրորդական է, թե որտեղ կարտացոլվի հաջորդող շարադրանքը՝ Սահմանադրության մե՞ջ, թե՞ Ընտրական օրենսգրքում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների լրամշակված տարբերակին, ըստ որի, վիճահարույց համարվող կայուն մեծամասնության մասին դրույթը տեղափոխվեց Ընտրական օրենսգիրք: Պատգամավորն ասաց, թե այս դրույթի առկայությունը անհարիր է պառլամենտական համակարգի հետ: «Կառավարման խորհրդարանական մոդելը համաձայնությունների, կոնսենսուսների հնարավորություն  է,  և քաղաքական մեծամասնության  ապահովման պահանջը ոչնչացնում է պառլամենտարիզմը»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

- Ինչպե՞ս եք վերաբերում «այո»-ի և «ոչ»-ի ճակատներին: Ամեն մի ճամբարում մի քանի «ոչ», մի քանի «այո» է ձևավորվել:

- Ես «ոչ»-ի մասին խոսեմ: Տեղյակ եմ, որ ընդդիմության՝ Սահմանադրության դեմ հանդես եկող հատվածը, բաժանվել է, այսպես ասած, երկու միավորման: Մեկը՝ «ոչ»-ի ճակատն է, մյուսը՝ «Նոր Հայաստան»-ը, որն այս պահին ոչ միայն «ոչ» է ասում Սահմանադրությանը, այլև պատրաստ է գնալ ավելի արմատական քայլերի: Ընդդիմության դաշտում պառակտվածություն չկա, քանի որ թեկնածուի հարց չկա, որ ասենք երկու միավորումները պաշտպանում են տարբեր թեկնածուների: Հարցը՝ Սահմանադրության նախագծի դեմ պայքարն է, և այս երկուսի ջանքերը գումարվում, փոխլրացնում են միմյանց:

- Այսինքն՝ Ձեր «ոչ»-ն իրենց «ոչ»-ից չի՞ տարբերվում:

- Տարբերվում է: Մենք համարում ենք, որ այս պահին նախընտրելին  «ոչ»-ի քարոզն է, ժողովրդին նոր Սահմանադրության վտանգների, թերությունների մասին բացատրելն է, կոչ անելը, որ ժողովուրդը մասնակցի հանրաքվեին ու դեմ քվեարկի:  «Նոր Հայաստան»-ը, կարծում է, որ դա ի սկզբանե պարտված գործընթաց է:

- Դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան»-ը ընդվզման է նախապատրաստվում, որին ՀԱԿ-ը չի մասնակցելու: Ավելին՝ իշխանություններին տրվել է սահմանադրական փոփոխություններից նահանջելու հնարավորություն՝ կա՛մ խաղաղ, կա՛մ ոչ խաղաղ ճանապարհով: Որքանո՞վ է իրատեսական նման սցենարը:

-  Թող ճնշեն, ստիպեն, պարտադրեն, որ իշխանությունները հրաժարվեն այս փոփոխություններից, չուզողն էլ՝ մենք լինենք:

- Պարո՛ն Ջհանգիրյան, սահմանադրական փոփոխությունների շուրջ ներկայացված առաջարկների 80-ից 90 տոկոսը ընդունվեց: Արդյունքում՝ վիճահարույց դրույթներից մեկը, որը վերաբերում էր կայուն մեծամասնությանը, ընդգրկվեց Ընտրական օրենսգրքում: Սա Ձեզ չի՞ բավարարում:

- Բոլորովին, որովհետև կայուն մեծամասնության ապահովման սկզբունքը մնաց սահմանադրության նախագծի մեջ: Քաղաքական մոնոպոլիայի սահմանադրական սկզբունքը մնում է և դրանից հետո երկրորդական է, թե որտեղ կարտացոլվի հաջորդող շարադրանքը՝ Սահմանադրության մե՞ջ, թե՞ Ընտրական օրենսգրքում: Իսկ այս սկզբունքի առկայությունը անհարիր է պառլամենտական համակարգի հետ: Կառավարման խորհրդարանական մոդելը համաձայնությունների, կոնսենսուսների հնարավորություն  է,  և քաղաքական մեծամասնության  ապահովման պահանջը ոչնչացնում է պառլամենտարիզմը:

- Դա զսպելու, հակակշռելու եղանակ չկա՞:

- Զսպելու մեխանիզմներ կան, բայց դրանք չեն աշխատելու, որովհետև, եթե քաղաքական ուժերից մեկը մեծամասնություն է կազմելու, հենց այդ ուժն է ձևավորելու գործադիր իշխանությունը, դատական իշխանությունն  էլ կախված է լինելու նույն մեծամասնությունից, ուստի իշխանությունների բաժանման , տարանջատման, զսպումների, հակակշիռների մեխանիզմների իբր ավելի լավ շարադրանքը անօգուտ, անպտուղ, իրական կյանքում անկիրառելի է: Հիմա էլ դրանք չեն  գործում՝ նույն քաղաքական ուժը և՛ Ազգային ժողովում է իշխում, և՛ կառավարությունում, և՛ նախագահականում։

- Բայց իշխանությունները պնդում են, որ խորհրդարանական համակարգը միակուսակցականությանը չի նպաստում՝ ի տարբերություն գործող մոդելի:

- Հիմա երկրում մենիշխանություն է ձևավորված  փաստացի, բայց ապագայում դա կդառնա սահմանադրական սկզբունք ու հնարավոր չի լինի դրա դեմն առնել: Տեսեք, որպես դրական հանգամանք իշխանությունները նշում են , որ  Ազգային ժողովը 3/5-ով ընտրելու է գլխավոր դատախազ, Կենտրոնական բանկի նախագահ, Մարդու իրավունքների պաշտպան և այլն: Բայց Սահմանադրության տեքստում սրան զուգահեռ նախատեսվել  է, որ եթե 3 ամիսների ընթացքում ԱԺ-ն չկարողանա ընտրել այս պաշտոնյաներին, նախագահը կնշանակի ժամանակավոր պաշտոնակատարներ: Բնական է, որ խորհրդարանի մեծամասնությունը, ով ընտրել է այդ նույն  նախագահին, այլևս չի համաձայնեցնի այս պաշտոնների թեկնածությունները ԱԺ-ում ներկայացված  քաղաքական մյուս ուժերի հետ՝ ստանալու համար ձայների 3/5-րդը, այլ՝ իրենց նախագահի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարները կդառնան, ըստ էության, մշտական պաշտոնյաներ:

- Ընդդիմությունը մշտապես հայտարարում էր, որ իր լծակները պետք է շատացնել, հաշվի առնել օպոզիցիայի կարծիքը` առանցքային որոշումներ ընդունելուց առաջ: Իշխանություններն ասում են, որ ըստ նոր Սահմանադրության՝ ընդդիմության լծակները մեծանում են, բայց դուք շարունակում եք դեմ մնալ, ինչո՞ւ:

- Ո՞ր լծակներն են տրվում ընդդիմությանը: Այդ ի՞նչ լրացուցիչ լծակներ են տրվում: Միակ բանը, որն ամրագրված է նախագծով՝ ԱԺ փոխնախագահներից մեկի պաշտոնը ընդդիմությանը՝ ես կասեի ոչ իշխանական ուժին,  տալն է, բայց սա ի՞նչ լծակ է: Լուծվելու է մեկ անձի հարց, ով կունենա ծառայողական ավտոմեքենա, քարտուղարուհի, մի քիչ ընդարձակ աշխատասենյակ և վերջ: Ազգային ժողովի դերը օրենքներ ընդունելն է, գործադիր մարմնի աշխատանքը վերահսկելը: Խորհրդարանի ընդդիմադիր մեկ փոխնախագահը ի՞նչ լիազորություն կավելացնի ընդդիմությանը՝ ոչ մի:

Հաջորդը: Որևէ երկրում տեսե՞լ եք պառլամենտական քննիչ հանձնաժողով, ում պետական գաղտնիք, բանկային, նոտարական գաղտնիք չտրամադրեն, պետական պաշտոնյայից փաստաթուղթ պահանջելու համար պետք է հանձնաժողովի մեկ քառորդի համաձայնությունը: Այսօր դա կարող է անել ամեն մի պատգամավոր:

Կամ՝ ասում են, որ կմեծանա Ազգային ժողովի դերը: Սիրելիներս, ԱԺ վերահսկողական  լիազորություններն ամբողջությամբ այսօր էլ չեն կիրառվում: Մեր խորհրդարանը վախենում  է իր լիազորություններն իրականացնել: Հիմա ինչո՞ւ ենք ավելացնում, եթե եղածն անգամ չի իրականացվում, որ ավելացնենք՝ իրականացվելո՞ւ է:

- Մշակված նախագծին ծանոթ է Վենետիկի հանձնաժողովը, որը բավական հեղինակավոր կառույց է: Եթե սահմանադրական փոփոխությունների փաթեթն իսկապես հակաժողովրդավարական է, այդ դեպքում ինչո՞ւ է հանձնաժողովը մեկ քայլ առաջ գնահատում այն:

- Ես ծանոթ եմ նման հանձնաժողովների մի շարք եզրակացությունների: Դրանք պետք է դիտարկել իրենց ամբողջության  մեջ: Իշխանությունը իրեն ձեռնտու կետերը ծաղկաքաղ է անում ու ներկայացնում իբրև դրական գնահատական: Նույն Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ քանի դեռ Հայաստանում դատական անկախ համակարգ ձևավորված չէ, կառավարման համակարգի փոփոխությանը չպետք է անդրադառնալ: Կամ, քանի դեռ Հայաստանում կայացած քաղաքական համակարգ չկա, վաղաժամ է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Կամ ասում են, որ Սահմանադրության փոփոխությամբ  չի կարելի երկարաձգել որևէ  քաղաքական ուժի իշխանությունը: Տասնյակ նման դրույթներ կան, բայց եզրակացության այդ հատվածները իշխանությունները չեն բարձրաձայնում, քանի որ դրանք  իրենց ձեռնտու չեն: Փորձագիտական եզրակացությունը պետք է գնահատել ամբողջության մեջ, այն ամբողջությամբ  կամ պետք է ընդունել, կամ մերժել, ոչ թե դրանից քաղվածքներ անել:

- Խորհրդարանական կառավարման արդյունքում, չե՞ք կարծում, որ կառավարման պատասխանատվությունը կկրեն բոլորը, ոչ թե միայն մեկ անձ:

- Դա սահմանադրության բարեփոխումների հայեցակարգից վերցված թեզ է, և այս հարցում էլ են իշխանությունները կեղծում: Գործող Սահմանադրությունը ընդամենը կառավարման երկու ոլորտներն է, որ վերապահում է գործող նախագահին՝ պաշտպանության ոլորտը, և արտաքին քաղաքականությունը, որը նա  իրականացնում է կառավարության հետ համատեղ: Հիմա ո՞վ է խոչընդոտում, որ կառավարությունը  օրենսդրական  նախագծով   կառավարության կողմից ուղղակի չվերահսկող գործադիր  իշխանության բոլոր մարմինները ներառի կառավարության կառուցվածքում: Գործող Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիովին  տալիս է, թող անեն:

- Պարո՛ն Ջհանգիրյան, բայց գործող Սահմանադրությամբ ամեն հարցով թիրախավորվում է Նախագահը, ընդդիմությունն էլ պահանջում է վերջինիս հրաժարականը:

- Միշտ պահանջել են Նախագահի հրաժարականը, միշտ զոհել են կառավարությանն ու վարչապետին: Սահմանադրությունը չէ սրա մեղավորը, այլ՝ քաղաքական իշխանությունը:

- Կարծիքներ կան, որ Սահմանադրությանը «ոչ» ասողները հաջորդ խորհրդարանում ներկայացված չեն լինի, և դա է պատճառը, որ այն կուսակցությունները, որոնք դեմ էին, դարձան կողմ: Մտահոգություն չունե՞ք, որ «Կոնգրեսը» չի ներկայացվի հաջորդ ԱԺ-ում:

- Թե ովքեր կլինեն ապագա խորհրդարանում, որ քաղաքական ուժերը, ի վերջո, որոշելու է ժողովուրդը: Ինչ խոսք, իշխանություններն ամեն ինչ կանեն իրենց համար անցանկալի քաղաքական ուժերի մուտքը ԱԺ խափանելու կամ նրանց ներկայությունը սահմանափակելու համար: Բայց հուսանք, որ ժողովուրդը տեր կկանգնի իր ձայնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել