Օրը կրկին ուրբաթ է, և այս անգամ «Ռադիո ջան»-ի եթերում Անկա Սարիբեկյանի հյուրը երգիչ Գևորգ Մարտիրոսյանն է։ Անկան ողջունում է ռադիոլսողներին.

Ողջույն և բարի առավոտ բոլոր այն ունկնդիրներին, ովքեր վաղ առավոտյան շատ դժվար են արթնանում, այդ թվում նաև՝ իմ հյուրին՝ Գևորգ Մարտիրոսյանին, ով վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է կատարում: Երգերն ու տեսահոլովակները հաջորդում են մեկը մյուսին, օրեր առաջ էլ նա ներկայացրեց հարսանեկան ևս մի կատարում:

- Ողջույն, սիրելի՛ ռադիոունկնդիրներ, այո, իրոք շատ դժվար եմ առավոտյան արթնանում, քանի որ ինձ համարում եմ երեկոյան մարդ, իսկ երեկոյան աշխատանքից հետո առավոտյան վաղ արթնանալն իսկապես դժվար է, այնպես որ, Անկա, կեցցե՛ս դու, չնայած այնքան պոզիտիվ է այստեղ։

- Մի քանի օր առաջ ներկայացրեցիր նոր տեսահոլովակ, և թեման կրկին հարսանեկան էր: Ի՞նչ նպատակ ուներ այն, կոմերցիո՞ն էր։

- Իրականում, երբ ձայնագրման ստուդիայում առաջին անգամ լսեցի երգը, շատ հավանեցի: Այն կարծես մի տեսակ իմն էր, և մեծ սիրով ցանկացա կատարել այն: Հետո պրոդյուսերիս՝ Սամվել Ղազարյանի և ռեժիսոր Արսեն Երեմյանի հետ համատեղ ծնվեց տեսահոլովակի գաղափարը:

- Արդյոք սիրվե՞լ է տեսահոլովակը և երգը: Արձագանքների մեջ լա՞վը, թե՞ վատն է գերակշռում։

- Մինչ այժմ որքանով որ հետևում եմ արձագանքներին, դրական են, երևի թե մեկ տոկոսն է վատ արձագանքել, և ուրախ եմ, որ դրական արձագանքները շատ են:

- Նշեմ, որ մեր ունկնդիրները քեզ բավականին դրական են վերաբերվում և հաճախ պատվիրում են քո երգերը։

 - Շնորհակալ եմ, հաճելի է, որ կամ այդ ցուցակում։

- Կլինի՞ ոճային կամ ժանրային փոփոխություն։

- Այո, հաջորդ կատարումս, որի վրա արդեն աշխատում ենք, լինելու է ավելի մեղեդային ոճում, այս մասին խոսում եմ առաջին անգամ: Հանդիսատեսը դեռ ինձ ավելի հանգիստ և մեղեդային կատարումներով չի տեսել, քանի որ իմ երգերի և տեսահոլովակների ընթացքում ես միշտ պարում եմ, և թերևս նորությունն առաջիկայում սա էր:

Նշենք, որ «Ռադիո ջան» հաղորդման ֆոտոռեպորտաժային տարբերակն ամեն ուրբաթ կարող եք դիտել BlogNews.am կայքում: 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել