Արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում սահմանադրական փոփոխությունների թեմայի շուրջ քննարկումները զարգանում են:
Ինչքան մոտենում է բուն հանրաքվեի՝ այո, թե ոչ-ի բեկումնային օրը՝ եռուզեռն այս հարցի շուրջ էլ ավելի է թեժանում:
Ինչպես տեսնում ենք՝ փոփոխությունների երկու հիմնական «պատասխանների» կողմնակիցների բանակը որոշակի վերադասավորումների է ենթարկվում:
ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր հանդես է եկել հարցազրույցով:
Վերջինս ներկայացրել է ՎՍԴՀԿ-ի առաջիկա ծրագրերը, նպատակները: Անդրադարձ է եղել նաև սահմանադրական բարեփոխումների դեմ ձևավորված «Նոր Հայաստանի» և «Ոչ»-ի շարժումներին: Սարգսյանը նշել է. ««Նոր Հայաստան» ճակատը ոչ մի նոր բան չասաց, կրկնեց այն, ինչ իրենց առաջին համաժողովի ժամանակ էին ներկայացրել: Ես այդտեղ ծրագիր չտեսա: Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատի և «Նոր Հայաստան» ճակատի համատեղ գործողություններին, ես միայն ուրախ եմ»:
Անդրադառնալով այս ուժերի կողմից իրականացվելիք գործողություններին՝ Սարգսյանը նշել է. «Ես չեմ տեսնում այն բավարար ռեսուրսները, որոնք կարող են բերել բեկումնային փոփոխության: Չեմ կարծում, որ ապրում ենք այն իրավիճակում, երբ մեր խոսքերը պետք է հենց էնպես մսխենք և ասենք այն, ինչ չենք կարող անել, ժողովրդին դիմենք կոչերով, որոնք հետո չեն արդարացվելու»:
Սարգսյանի ասածը թերևս նորություն չէր, սակայն հարկ եմ համարում ուշադրություն դարձնել երկու կարևոր բաղադրիչների վրա: Փաստացի, ընդդիմությունը սկսում է խոստովանել, որ փոշիացրել է այն, ինչ տարիների ընթացքում կուտակել էր: Տարբեր ժամանակաշրջաններում եղել են որոշակի անհատներ, ովքեր քիչ թե շատ վայլել են ժողովրդի համակրանքը, սակայն տարիների ընթացքում այդ ներուժը վերջնականապես մաշվել է:
Երկրորդ՝ շատ կարևոր տենդենց է նկատվում: Ընդդիմադիր գործիչները սկսել են իրավիճակին առավել սթափ մոտենալ, առանց լրացուցիչ դեմագոգիայի: Ժամանակն է արդեն գիտակցել, որ ժողովրդի մոբիլիզացման տեսանկյունից նման գործելաոճը չաշխատող հնարք է դարձել: