Tert.am-ը գրում է.
Հայաստանի կողմից մշակված Սահմանադրության նոր նախագծում տասնյակ փոփոխություններ ու առաջադիմական քայլեր կան, այնուհանդերձ, դրա արդյունավետ գործունեությունը կախված է դրա անմիջական կիրարկումից։ Նման կարծիք այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքները Սահամանադրության նոր նախագծում» քննարկմանը հայտնեց Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն՝ ընդգծելով, որ այդ դեպքում Հայաստանի Սահմանադրությունը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար։
Նա նշեց, որ հետևում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ծանոթ են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։
«Նոր Սահմանադրության մեջ բազմաթիվ կարևոր դրույթներ են ամրագրվել ի օգուտ մարդու իրավունքների պաշտպանության, օրինակ՝ վերացվել է դատապարտյալների ընտրելու իրավունքի սահմանափակումները, ինչը դրական քայլ է, միայն ծանր հանցագործություն կատարած անձիք իրավունք չունեն ընտրելու։ Սակայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի համաձայն, ոչ թե չեն կարող ընտրել բոլոր ծանր հանցագործություն կատարած դատապարտյալները, այլ պետք է հաշվի առնել անհատական մի շարք խնդիրներ»,- ասաց նա։
Ժոզեֆ Սիգելեն նշեց, որ Սահմանադրության նախագծում որոշ հոդվածներ խտրական սահմանափակումներ են պարունակում, որոնք կարող են սահմանափակել քաղաքացիական խմբերի իրագործումը. «Հուսով եմ, որ այս հարցի ուղղությամբ լուծումներ կտրվեն»։
Անդրադարձավ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը՝ նա նշեց, որ պետությունը պետք է որոշակիորեն ֆինանսավորի օմբուդսմենին, ինչը ամրագրված չէ Սահմանադրությամբ, թեև նման դրույթ կա համապատասխան օրենքում։
«Սա կարևոր է, որպեսզի ապահովվի օմբուդսմենի, նրա ֆինանսական անկախությունը։ Եթե փող չունես, չես կարող համապատասխան աշխատանք տանել, ուսումնասիրել։ Կարծում եմ, որ կարիք կա փոփոխելու Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը, որպեսզի իրավունք տրվի զբաղվել անհատական գործերով և չանել միայն ընդհանուր վերլուծություններ»,-ասաց նա։
Ժոզեֆ Սիգելեն ընդգծեց, որ օմբուդսմենն ու քաղաքացիական նախաձեռնությունները պետք է պայքարեն, որպեսզի Սահմանադրության ընդունումից հետո Սահմանադրության դրույթները կիրառվեն պատշաճ կերպով։



