Քրիստինա Մանգասարյանը լայն մասսաներին ծանոթ դարձավ «Հայաստանի ձայնը 2» նախագծից: Ջազ, ֆանկ, սոուլ ոճում երգող երգչուհին այսօր ներկայանում է իր «Absolut» բենդով տարբեր ակումբներում: Երգչուհին մեծացել է երաժիշտների ընտանիքում, հայրը երգիչ-կիթառահար Գեորգի Մանգասարյանն է: BlogNews.am-ի հետ զրույցի ընթացքում Քրիստինան խոստովանեց, որ երգել սկսել է ուշ՝ քսան տարեկանում. «Ուզում էի շարունակել վոկալով զբաղվել, բայց սկսեցի զբաղվել ատամնաբույժի աշխատանքով: Մի անգամ Վերջին զանգիս եմ երգել բեմից՝ 17 տարեկանում, հետո, երբ ատամնաբույժի մասնագիտություն էի սովորում, այնտեղ՝ ինստիտուտում, երգում էի ինչ-որ միջոցառումների ընթացքում: Դրանք պարզապես սիրողական էին, իսկ երբ ավարտեցի, որոշեցի, որ պետք է ավելի լուրջ զբաղվեմ երգով, խումբ հավաքեցի: Մասնակցեցի «Հայաստանի ձայնը 2» նախագծին, և այդպես ամեն ինչ սկսվեց»: Քրիստինան հավելեց, որ չնայած հայրն այնքան էլ կողմ չէր, որ ինքը զբաղվի երգեցողությամբ, բայց ինքն արեց դա:
Քրիստինան այսօր իր բենդի հետ երգում է երևանյան տարբեր ակումբներում և նշում, որ ակումբային կուլտուրան բավականին զարգացած է. «Շատ ակումբներ կամ սրճարաններ երբ նոր են բացվում, հաճախ ուզում են կենդանի երաժշտություն: Ակումբներ կային, որ պարային էին, հիմա փոխել են իրենց ձևաչափը: Հնարավոր է, որ ակումբում քիչ են վարձատրում, բայց դա երգչից էլ է կախված, նայած, թե որքան ճկուն կլինի»: Քանի որ Քրիստինան ունի երկրորդ մասնագիտություն, ակումբներում երգելու ֆինանսական կողմի մասին շատ չի մտահոգվում: «Ես ատամնաբույժ եմ, բայց այն ժամանակ երբ սկսեցի երգել, ես աշխատում էի, և մի հետաքրքիր բան ասեմ. երգն ինձ օգնեց, որ գումար աշխատեմ և կարողանամ ատամնաբուժական սարքավորումներ գնել»,-ընդգծեց նա:
Քրիստինան ամուսնացած է, նրա ամուսինը խմբի բաս-կիթառահարն է, նրանք հաճախ են միասին երաժշտությունը քննարկում: «Ես և ամուսինս միշտ խոսելով ենք տուն մտնում, ու քանի որ հիմա բնակվում ենք ամուսնուս ընտանիքի հետ, մեկ-մեկ մտածում եմ՝ հիմա էլի կասեն՝ նորից երաժշտությունն են քննարկում,-անկեղծացավ Քրիստինան,-մենք ավելի շատ խոսում ենք երաժշտությունից, քան վիճում ենք իրար հետ: Հաճախ լինում է, որ իրար տարբեր խորհուրդներ ենք տալիս, քանի որ ես ինքս հասկանում եմ երաժշտությունից: Երբ աշխատանքի մեջ ենք, ես նրան որպես գործընկեր եմ ընդունում»:
Երգչուհին նշում է, որ ամուսինը նրան շատ է քաջալերում, չի թողնում, որ հուսահատվի, իսկ բենդում նրա դերը մեծ է: «Չնայած նա մարդկանց մեջ իրեն չափազանց համեստ է պահում, բայց նրա լուման այս հարցում շատ մեծ է, նա է ինձ ստիպում միշտ առաջ գնալ,-խոստովանեց Քրիստինան ու հավելեց,-չեմ կարող ասել, որ ամեն անգամ ինձ համբուրում է համերգից առաջ, բայց միշտ հուսադրում է»:
Ավելի հայտնի դառնալու համար տեսահոլովակի առկայությունն այսօր կարծես անհրաժեշտություն է դարձել, Քրիստինան, համաձայն լինելով այս դիտարկմանը, պատրաստվում է մոտ ապագայում տեսահոլովակ ներկայացնել. «Ինձ առաջարկել են, որ հայկական ժողովրդական մի երգ ներկայացնեմ էստրադային ժանրում: Պետք է լինի նաև տեսահոլովակ, իսկ թե երբ կվերջացնեմ, դեռ դժվարանում եմ ասել: Գիտեմ, որ գուցե ժողովրդական երգիչները քննադատեն, բայց այն իմ տարբերակով եմ կատարելու, ավելի լավ է այդպես, քան արաբական, հնդկական ոճի մեջ ինչ-որ նոր երգ ներկայացնեմ»:
Աշխատանքին զուգահեռ երգչուհին մեծացնում է իր մեկ տարեկան որդուն, ում անվանել են Վիկտոր: «Մենք անունը ոչ մեկի պատվին չենք դրել, ես և ամուսինս ենք որոշել, մենք կարծում ենք, որ անունը մեծ դեր է խաղում մարդու կյանքում, և մեր ճանաչած բոլոր Վիկտորները բավականին հաջողակ են և սիրված: Ես և ամուսինս այնքան էլ կողմ չենք, երբ երեխայի անունը դնում են ինչ-որ մեկի պատվին: Երբ որդիս փոքրիկ էր, նրա համար երգում էի Մոցարտի «Օրորոցայինը», և նա քնում էր, իսկ հիմա ինքն է իրեն քնեցնում»,-եզրափակեց նա:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



