Քիչ առաջ դիտում եմ մեր լրատվականներից մեկի («Ազատություն» ռադիոկայան) պատրաստած նյութը ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեին դեմ հանդես եկող Ր.Հովհաննիսյանի ու Ժ.Սեֆիլյանի կողմից նախաձեռնված՝ «Նոր Հայաստան. հանրային փրկության ճակատ» շարժման վերաբերյալ: Ճակատի մեջ, բացի նշածս գործիչներից, մտնում են Զ.Փոստանջյանը, Հ.Հովհաննիսյանը, Պ.Հայրիկյանը և մի քանի առավել փոքր «քաղաքական տրամաչափի» մարդ-կուսակցություններ, ինչպես նաև անհատներ, ակտիվիսներ: Նյութում ընդդիմադիր դաշտի «կնքահայր» իրեն համարող ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լ.Զուրաբյանի ելույթից պարզ դարձավ, որ իրենք այդ շարժման հետ են, բայց միաժամանակ առանձին են ու սեփական ճանապարհով են գնալու ընդդեմ «ՌԵԺԻՄԻ» ու «նրա» Սահմանադրության: Հավաքին չէր մասնակցում Ն.Փաշինյանը՝ իր «Քաղաքացիական պայմանագրով»:
Լուսաբանվող հավաքի ժամանակ Ժ.Սեֆիլյանը բառացիորեն նշում է, որ իրենք այլևս միայն ու միայն «ժողովրդի ընդվզման միջոցով են վերցնելու իշխանությունը»: Հիշեցնեմ, որ խոսքը (հավանաբար) բռնի ուժի միջոցով իշխանության գրավման մասին է, որը, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի, քրեորեն հետապնդելի արարք է: Այս հավաքին մասնակից մյուս ներկաների արձագանքից պարզ է դառնում, որ նրանք լիովին աջակցում են այս կոչերը: Մի խոսքով, ընդդիմադիրներ իրենց համարողները հավաքվել էին ու ցանկանում են սահմանադրական հանրաքվեն օգտագործել իշխանափոխության համար, որն այս պարագայում հավանաբար նույնացվում է «փողոցային հեղափոխության հետ»:
Որ ՀՀ-ում իշխանություններն ունեն լրջագույն խնդիրներ գործունեության մի շարք ոլորտներում արդյունավետության, կառավարման համակարգի որոշ կադրային բաղադրիչների և մի շարք այլ իրողությունների մասով, դա փաստ է: Դեմոկրատական անցման մեջ գտնվող մեր տիպի երկրներին սա բնորոշ իրողություն է. մի տեղ մի փոքր ավելի լավ է, մյուս տեղում՝ ավելի վատ:
Նույն իշխանափոխություն պահաջող, քաղաքական իշխանության ներկայացուցիչների ամեն՝ այդ թվում երբեմն դրական նախաձեռնությունները «հրետակածող» ընդդիմադիրները, կարծում եմ, ունեն շատ ավելի մեծ խնդիրներ: Եվ այդ ամենով հանդերձ քաղաքացուն հորդորում են հետևել իրենց: Արդեն ո՞ր տարին է՝ «3.5-4.5 հոգանոց» մեր ընդդիմադիրները, որ անգամ միաբան չեն ազգային ու պետական կարևորության հարցերի շուրջ իրենց քայլերում, բնականոն ու լեգիտիմ են համարում, որ իրենք են ՀՀ-ում իշխանության միակ ու հիմնավոր տերը: Այդ ուժերից ամեն մեկը, երբ «ընդդիմադիր սայլը» քաշում է իր ուղղությամբ ու սեպարատ քայլերով քանդում է ընդդիմադիր դաշտ կոչվածի որոշակիությունը՝ պայքարը վերածելով աթոռակռիվ, պետք գիտակցի, որ այդ կերպ էականորեն անլրջացնում է սեփական քաղաքական կերպարը, իր ազդեցության չափը, իր նկատմամբ քաղաքական վստահության մակարդակը: Ունենք նման բազմաթիվ օրինակներ:
Դիցուք. «Ժառագություն» կուսակցությունում ու խմբակցությունում արդեն տևական ժամանակ խառնաշփոթ է, և ինչպես սովորաբար է՝ լիդերի փնտրտուք: Լ.Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի ղեկը վաղուց հանձնել է Լ.Զուրաբյանին, ու ինչ է անում ՀԱԿ-ը՝ ոչինչ. անհրաժեշտ ռեսուրներ չունի, ներուժ չունի, փորձում է պահպանել ընդդիմադիր դաշտում իր՝ «կնքահոր» դիրքերը: Ի՞նչ հաջողությունների հասավ Ժ.Սեֆիլյանն իր «ընկերների» հետ նախաձեռնած շարժման մեջ. իրականությունը ցույց տվեց փաստականորեն ոչինչ, քանի որ բաց առճակատման ճանապարհ էին ընտրել: Հանրային ի՞նչ ազդեցություն ունեն Հ.Հովհաննիսյանը, Պ.Հայրիկյանը՝ որպես անհատ գործիչներ...
Մեր ընդդիմադիրների համար իրենց նախորդ անհաջողությունները որևէ կերպ դաս չեն լինում: Հասարակության և քաղաքացու վստահությունը դարձել է «բազմամյա օգտագործման լակմուսի թուղթ» այնպիսի քաղաքական խաղում, որը հենց սկզբից, դրա նախաձեռնողների ոչ պրոֆեսիոնալ ու ոչ միաբան գործունեության արդյունքում, դատապարտված է:
ՀՀ սահմանադրական հանրաքվեն օգտագործելով որպես իշխանափոխության անհեռանկար հարթակ՝ ընդդիմադիրներն ուղղակի ուզում են հիշեցնել իրենց մասին: Իսկ մեր երկրի զարգացման համար մեզ ռացիոնալ ու ամուր ընդդիմություն է պետք:



