Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Բաքվի կենտրոնում ճեմուղու կառուցման պատճառով քանդված տների սեփականատերերի բողոքի գործով իր առաջին վճիռը։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, ՄԻԵԴ-ը բավարարել է Նուրի Խալիկովայի բողոքը՝ Մարդու իրավունքների ու ազատությունների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (ազատության իրավունք),  8-րդ (բնակարանի իրավունք) և 1-ին (սեփականության իրավունք) հոդվածներով:

Ստրասբուրգի դատարանը վճռել է, որ Բաքուն որպես նյութական փոխհատուցում պետք է վճարի 45.000 եվրո, իսկ բարոյական վնասի համար՝ 15.000 եվրո: Եվս 2.500 եվրո պետք է վճարվի դատական ծախսերի համար:

2010-2012 թվականներին իշխանությունները քանդել էին մի քանի փողոցների ցածրահարկ տները՝ այգի կառուցելու նպատակով:

Դա, սակայն, բնակիչների դժգոհության պատճառ էր դարձել, քանի որ փոխհատուցման չափերն իրենց հետ համաձայնեցված չէին եղել։

Ընդհանուր առմամբ, կառուցված այգու տարածքից տեղափոխվել էր 5.000 ընտանիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել