Tert.am-ը գրում է.
Հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրադարձությունները Սիրիայի շուրջ և վերջին նորություններ Սիրիայի հայկական համայնքից:
Նա ուրախությամբ նշեց, որ ռուսական զորքերի միջամտությունից հետո սիրիական բանակը բավական առաջխաղացում է գրանցել:
«Հալեպի 80 տոկոսը գրեթե ազատագրված է, և հուսով եմ՝ մի քանի օրերի ընթացքում կազատագրվեն նաև Հալեպի այն թաղամասերը, որոնք դեռևս ահաբեկիչների ձեռքի տակ են, որտեղից ռմբակոծում են նաև հայկական թաղամասեր»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, ընդամենը մի քանի օր առաջ Սիրիայի Նախագահ Բաշար Ասադը հայտնվեց Մոսկվայում և հանդիպումներ ունեցավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Զարմանք էր՝ ինչ ճանապարհով, ինչպես հայտնվեց, սա լավ նշան է»,-ասաց նա և նշեց, որ ուղիղ մեկուկես տարի է՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան «իբրև թե ռմբակոծում էին» ահաբեկիչների կենտրոնատեղիները:
«Բայց, ցավոք, չէր հաջողվում, և տեղ հասնելու փոխարեն ահաբեկիչները ուժեղացան և ճակատները բազմազան եղան»,-ասաց նա և նշեց, թե 1500-ից ավելի ճակատի դեմ սիրական բանակը չէր կարող հաջողություն ունենալ, ուստի և դիմեցին ՌԴ-ին, և արդյունքն ակնհայտ է:
«Մենք կարծում ենք, որ շուտով, ոչ թե մոտ ապագայում, այլ առնվազն 4-6 ամիս հետո, հույս ունենք, որ այդ ահաբեկիչները դուրս կգան, և Հալեպը շուտով կազատագրվի, ՌԴ-ի օդուժը կոնկրետ ահաբեկիչների կենտրոններ է գլխատում. սա կարևոր է, որից հետո արդեն լրիվ շրջաններն էլ կազատագրվեն»,-ասաց նա:
Հալեպահայ քաղաքական գործիչը նշեց, թե իհարկե բոլորին հուզող հարցն է, թե ինչքան հայություն է մնացել՝ հաշվի առնելով, որ Սիրիան հայկական մայր գաղութն էր համարվում:
Ըստ նրա՝ բոլոր դպրոցները, մանկապարտեզները միավորվել են մեկտեղ, Գյուլբեկյան դպրոցում են՝ ավելի ապահով տեղ:
«Այսօր 2080 աշակերտ է ընդհանուր կազմում Հալեպում, երբ պատերազմի առաջ այդ թիվը 4500-ից ավելի էր: Ներկայումս 7-8 հազար հայություն է մնացել, երբ 40 հազարի մոտ էր, և ցավալի է, որ ամեն օր նվազելու միտում ունի: Եթե խաղաղ լինի, հավատացեք, որ շատ մարդիկ, ովքեր ոչ միայն Հայաստանում են, կտեղափոխվեն հետ Հալեպ, գուցե չապրեն, բայց ունեն իրենց տները, խանութները»,-ասաց նա:
Վազգեն Մեսրոպյանի խոսքով շուրջ 10 000-ին մոտ սիրիահայեր կան Հայաստանում, որից թերևս միայն հազարն է աշխատում:
«Մյուսներն անգործ նստած են, երիտասարդներն են հիմնականում աշխատողները՝ մատուցող են հիմնականում, կան գործարարներ՝ մանր գործ են բացել: Նաև կան, որ վերադառնում են, քանի որ ապրուստի միջոց այլևս չունեն, բոլոր գումարները ծախսել են»,-ասաց նա:
Ի դեպ, ըստ նրա, սիրիական չորս տարիների պատերազմի ընթացքում 100-ից ավելի զոհեր են հայերը տվել, բազմաթիվ վիրավորներ:



