Ողջո՜ւյն բետոնե քաղաքի մեկուսացված քաղաքացի: Այսօր քաղաքը խոսում է մի թեմայի շուրջ, որին առնչվում ենք յուրաքանչյուրս, որը պարբերաբար բարձրաձայնվում է տարբեր հարթակներում, ու որի ազդեցության մասին դեռևս ճշգրիտ ու վերջնական տվյալներ չկան: Մեկուսացվածություն` 21-րդ դարի մեծագույն չարիքներից, որ պատել է մարդկային զարգացած ու զարգացող բոլոր հասարակությունները` այդ թվում նաև մեզ: Միջին ու բարձր տարիքի քաղաքացիների ականջներում դեռևս թարմ են բակային անցուդարձի աղմուկը, չարաճճի երեխաների ակտիվ բացականչությունները… Կյանքով լեցուն քաղաքի պատկերը գնալով մթագնում է մեր հիշողություններում: Մենք գնում ենք մեկուսացման, ռոբոտացման: Աշխատունակ ու աշխատանք ունեցող մասը առավոտից երեկո տարված է հացի խնդրի լուծմամբ, ավագ սերունդն ու գործազուրկները գամվել են հեռուստաէկրաններին` սերիալային ինդուստրիայի շեդևրների հիպնոսացնող ազդեցության ներքո, իսկ առավել առաջադեմ մասը դարձել է «համացանցի վկա»` քնելով ու արթնանալով տարբեր կայքերում ու սոցիալական ցանցերում, իսկ երեխաների մեծ մասը ևս մեկուսացել է ժամանակակից տեխնիկայի հետ` իր առօրյան լցնելով տարբեր խաղերով ու ևս սոց.կայքերով` մոռացության մատնելով բակային խաղերը… ու եթե մեծահասակների դեպքում սա ոչ այնքան ցավոտ հարց է, ապա փոքրերի դեպքում կա մեծ մտավախություն ու վտանգ, քանի որ նրանք են ապագա սերունդն ու ապագա արժեհամակարգի ձևավորողը… Շատ հոգեբաններ այն կարծիքի են, որ բակային խաղերը, որոնցից շատերը, ի դեպ, ունեն խոր արմատներ ու պատմություն, ավանդաբար փոխանցվում են սերնդեսերունդ, մեծ դաստիարակչական ազդեցություն են ունենում նաև նոր ձևավորվող անձի վրա` օժտելով նրան պատասխանատվության զգացումով, թիմային աշխատելու հմտությամբ, սովորեցնում լինել ավելի բարի ու վերջիվերջո ստիպում են երեխաներին ֆիզիկական ակտիվության` դրականորեն անդրադառնալով առողջությանը…
Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, ո՞ւր են մեր ակտիվ ու կյանքով լեցուն բակերը, մանկական ճիչերն ու աղմուկը, որտե՞ղ ու ո՞ւմ մեջ պիտի տեսնենք ու երանությամբ վերհիշենք մեր մանկությունը… «Call of duty»-ն, «Medal of honor»-ը մեզ ոչինչ չեն ասում ու ոչինչ չեն հիշեցնում: Ե՛տ բերեք ու փրկե՛ք ձեր ու ձեր երեխաների մանկությունը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել