Tert.am-ը գրում է.

Այն, որ Արցախում մինչև 1828-1830 թթ. հայեր չեն բնակվել, ադրբեջանական հայտնի ապուշ երգ է. Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` մեկնաբանելով այն, որ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է ֆինանսավորել ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ֆիլմը, որում պետք է առաջ տարվի վերը նշված գաղափարը:

«Դա հայտնի ադրբեջանական ապուշություն է, որ մինչև Ռուսաստանի՝ Արևելյան Հայաստանի ազատագրումը, մինչև պարսկահայերի ներգաղթը այս տարածաշրջանում հայեր չեն բնակվել: Սա նույն ապուշությունների շարքից է, ինչ որ Երևանն ու Էջմիածինը եղել են ադրբեջանական… Սա ծիծաղ է հարուցում ու անգամ զվարճացնում է, բայց ամենազարմանալի այն է, որ դա արվում է երկրի նախագահի մակարդակով»,-հայտարարեց պատմաբանը:

Նշենք, որ ըստ «Հրապարակ» թերթի՝ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, ով պատրաստվում է Գրիբոյեդովի մասին փաստավավերագրական ֆիլմ նկարահանել, հայտարարել է, որ Ադրբեջանի Նախագահի հետ քննարկել է ֆիլմում «համատեղ աշխատանքի հնարավորությունը», ինչից եզրակացվել է, որ Ալիևը պարզապես ֆինանսավորելու է ֆիլմը՝ այստեղից բխող հետևանքներով: Այն է՝ որպեսզի ֆիլմի սցենարում առաջ տարվի Ադրբեջանի իշխող ռեժիմի կողմից մշտապես գեներացվող գաղափարը, թե Արցախում, մինչև Ռուսաստանի կողմից նվաճվելը հայեր չեն ապրել, և հայ բնակչությունը հայտնվել է այս տարածքներում ռուսական ցարական իշխանությունների կազմակերպած ներգաղթի արդյունքում:

Նման եզրահանգումների հիմք է տվել այն, որ հենց Ալեքսանդր Գրիբոյեդովն է մշակել 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմներին վերջ տալու համար 1828թ. կնքված Թուրքմենչայի պայմանագրին:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և էթնոգրաֆիայի ինստիտուտի արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, ով նաև Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարն է, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Արցախում ի՞նչ հուշարձաններ կան, որոնք վկայում են «մինչև Թուրքմենչայի պայմանագիրը մեր ներկայության մասին», նշեց.«Արցախում հայերի առկայությունը արձանագրված է դեռ առաջին Արտաշիսյանների ժամանակ, Տիգրանն այստեղ Տիգրանակերտ քաղաքն է կառուցել։ Երբ հայոց գրերը տարածվել են, առաջիններից մեկը Արցախն է սկսել դա օգտագործել։ Տիգրանակերտի պեղումներից մենք ունենք 5-րդ, 6-րդ դարերի` այս մասին վերաբերող առնվազն 4 արձանագրություն` գրված Վաչագանի, այլ հայոց արքաների անուններով»:

Ըստ հնագետի՝ այլ բան է, որ Ռուսաստանը, այո, այդ տարածքներն ազատելուց հետո թե՛ Պարսկաստանի, թե՛ Հայաստանի ներկա տարածքներից որոշ բնակչություն է ներգաղթեցրել՝ ապահովելու համար գրավված տարածքների անվտանգությունը. «Դա գիտեն բոլորը, բայց դա որևէ առնչություն չունի Արցախի հայաբնակ լինելու հետ»։

Առհասարակ, հնագետն այն կարծիքին է, որ եթե մեկը մի ապուշ բան է ասում, դա դեռ չի նշակում, որ նման ապուշությանը պետք է պատասխանել:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ, պատասխանելով հարցին, թե մասնագիտական էթիկայի տեսանկյունից որքանո՞վ է ճիշտ, որ անվանի կինոռեժիսորը, չտիրապետելով խնդրին, կարող է միակողմանի քարոզչության ներքո ֆիլմ նկարահանել, ասաց. «Հիմա ռուս ռեժիսորը Լենինականի երկրաշարժին մասին ֆիլմ է նկարահանում, մի հատ էլ հայ ռեժիսոր. երկուսն էլ ռուսական պրոյեկտ են: Ու այս դեպքում կպնել Միխալկովին, որն ասում է`«Ես Գրիբոյեդովի մասին եմ նկարում»... Չես կարող իրեն արգելել Թուրքմենչայի պայմանագրի մասին էլ նկարել: Ռուս, անգլիացի, կամ ուզբեկի չես կարող: Այլ խնդիր է՝ ինչ խնդիր է դրված այդ ֆիլմի մեջ: Այնպես որ բուն փաստի մեջ էթիկայի խնդիր չեմ տեսնում»:

Բայց, եթե պարզվի, որ Ալիևն իրոք ֆինանսավորելու է այդ նախագիծը, ապա Էդգար Բաղդասարյանը կարծում է, որ դրանում որևէ ճշմարտություն չի լինելու, լինելու է պրոպագանդա, որին «մի 50 միլիոն ադրբեջանցի է լծվելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել