Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը որևէ խնդիր չունի Եվրամիության հետ նոր փաստաթղթում չներառելու նախկին Ասոցացման համաձայնագրում ամրագրված 28 ոլորտներից որևէ մեկը, որևէ ոլորտ ենթակա չէ դուրս մղման, այլ բան է, որ որոշ ոլորտներում իրավական մոտարկման հետ կապված որոշ ձևակերպումներ պետք է նոր իրողությունների պայմաններում վերաբանակցվեն:

Այս մասին «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ ներկայացնելով, թե որն է լինելու ՀՀ իշխանությունների սկզբունքը ԵՄ գործընկերների հետ այս նոր իրավիճակում աշխատելիս:

Նա նշեց, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությամբ պայմանավորված՝ այն հարցերը, որոնք հնարավոր չի լինելու ներառել ՀՀ-ԵՄ ստորագրվելիք պայմանագրում, հանվել են և նոր իրավիճակի հիման վրա ուրվագծվել է այն պատկերը, թե ինչ կարող է ներառվել նոր փաստաթղթում:

«Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն և լայն պահել համագործակցության և՛ ոլորտները, և՛ ձևաչափը, բայց ուշադիր լինել, որ այնպիսի ոլորտներ, ձևաչափ կամ պատասխանատվություն չլինի, որոնք կհակասեն Հայաստանի` այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին»-ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ սկսելու մանդատ է տվել՝ ՀՀ-ԵՄ նոր իրավակարգավորման պայմանագիր ստորագրելու համար:

Գարեգին Մելքոնյանն այս համատեքստում հիշեցրեց, որ Ասոցացման համաձայնագիրը, բացի  ասոցացման գլուխներից՝ քաղաքական, իրավապայմանագրային մասերից, 28 ոլորտներում ոլորտային համագործակցության մասերից բացի ուներ խոշոր մաս՝ ԽՀԱԱՊ-ը։

«Մենք հիմա ունենք ընկալումը, թե ինչի շուրջ ենք խոսելու և նոր` ստորագրվելիք համաձայնագրում ինչ կարող է ներառվել: Այսքանը»,-նշեց Գարեգին Մելքոնյանը 

Նա հավելեց, որ իր բնույթով ազատ առևտրի համաձայնագիր հանդիսացող ԽՀԱԱԳ  մասում տարիֆային գլուխը հնարավոր չի լինի ներառել, սակայն մնացած բաժինները` ներառյալ մտավոր սեփականությանն առնչվող, սանիտարիա և բուսասանիտարիա, թափանցիկություն, մրցակցության կարգավորման հարցեր, ներառվելու են, բայց փոփոխություններ կլինեն մոտարկման կամ պարտավորությունների ձևաչափի տեսանկյունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել