Ժնևում Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի անդրադարձ կատարվեց նաև Ղարաբաղյան հարցին, որը և հենց ամենաուշագրավն էր ողջ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակում:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, այդ թվում նաև ծանր զինտեխնիկա կիրառելով: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում մասնավորապես նշեց, որ իրենք՝ քաղաքական գործիչները, գուցե հասկանում են, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի:
Այս քաղաքական մեսիջը հասկանալի է, որը ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում, այլ նաև ՀԱՊԿ-ին, որը շատ ժամանակ ադեկվատ արձագանք չի տալիս Ադրբեջանի սանձարձակ արկածախնդրություններին:
Շատ ողջունելի է Գ. Սահակյանի այս հիշեցումն այն համատեքստում, որ Հայաստանի ղեկավարությունը հայ-ռուսական հարաբերություններում հանդես է գալիս իրավահավասար գործընկերոջ կարգավիճակով և գերհզոր Ռուսաստանին հիշեցնում է, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան այն չի անում:
Նշելի է, որ ՀՀ ԱԺ նախագահի այս հիշեցումն իր տեսակի մեջ միակը չէ, Ռուսաստանին մինչ այդ թե՛ Ադրբեջանին զենքի վաճառքի, թե՛ սահմանային խախտումների հետ կապված ոչ բավարար արձագանքելու հետ կապված դիմել էին նաև ՀՀ նախագահն ու արտգործնախարարը:



