6A22910A-1FD4-4D61-BC36-56302094F7A6_w640_r1_sAraratnews.am-ը գրում է.

Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) 7 աշխատակից է ձերբակալվել ծառայողական դիրքը չարաշահելու, ներդրումային կառույցի աշխատանքին միջամտելու, քաղաքացիների իրավունքները խախտելու կասկածանքով,  հաղորդում է azatutyun-ը:

ԱԱՆ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրգործի կապակցությամբ հատուկ քննչական խումբ է ստեղծվել: Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ԱԱՆ աշխատակիցների խումբը, անցնելով ծառայողական պարտականությունների սահմանը, կատարել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցանքներ: Դատախազությունը տեղեկացնում է, որ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:

Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ԱԱ նախարարի պաշտոնից ազատվել է Էլդար Մահմուդովը: Շրջանառվող վարկածների համաձայն, Մահմուդովին ազատելու պատճառը արդեն նախկին նախարարի ֆինանսական արկածախնդրությունն է:

Գլխավոր դատախազությունը եռօրյա լռությունից հետո այսօր հաստատում է ձերբակալությունների վերաբերյալ լուրը՝ առայժմ զերծ մնալով հրապարակել ձերբակալվածների անունները: Ավելի վաղ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին նախարարության 11 ձերբակալված աշխատակիցների մասին:

Ադրբեջանի դատախազությունն առայժմ չի հստակեցնում՝ արդյո՞ք ձերբակալվածների մեջ է նաև Ազգային անվտանգության արդեն նախկին նախարար Էլդար Մահմուդովը:

Մինչ դատախազությունը շարունակում է օպերատիվ-քննչական գործողությունները՝ Իլհամ Ալիևի հրամանագրով ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Մադատ Գուլիևը, ով այժմ կատարում է նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Նա մինչ այդ 4 տարի զբաղեցրել է քրեակատարողական հիմնարկների պետի պաշտոնը, ավելի վաղ՝ երկար տարիներ աշխատել է ներքին գործերի նախարարության տարբեր այլ ստորաբաժանումներ. գլխավորել է «Ինտերպոլի» ազգային բյուրոն, նաև կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Ալիևի հրամանագրով փոփոխություններ են տեղի ունեցել Ազգային անվտանգության նախարարության կառուցվածքում: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դեռևս հայտնի չէ փոփոխությունների բովանդակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել