Եթե թշնամու թշնամին, որպես կանոն, ընկեր է կամ էլ առնվազն թշնամի չէ, ապա թշնամու ընկերը թշնամի է, որքան էլ փորձի ձևացնել, թե ընկեր է կամ էլ գոնե թշնամի չէ։ Աշխարհաքաղաքականությունում՝ առավել ևս։
Թուրքիան մեր թշնամին է։ Թշնամին է դարեր շարունակ, իսկ հիմա՝ առավել ևս։ Թուրքիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ, ու դա նշանակում է, որ կազմակերպությունն ու մեր թշնամին ունեն երկուստեք պայմանավորվածություններ և ընդհանուր նպատակներ, որոնցից շատերն ուղղակիորեն ու անուղղակիորեն արտացոլվում են նաև մեր վրա։
Այսպես, օրինակ, հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ական ինքնաթիռներն օրերս ավիահարված են հասցրել հայ-քրդական աշխարհազորի տեղակայման վայրերին Սիրիայի հյուսիսում։ Թուրքիան չի էլ թաքցնում, որ իր համար առաջնային թիրախը հենց քրդերն են, այլ ոչ թե իսլամիստները։ Ու նույն ՆԱՏՕ-ն, որ կաղկանձում է ամեն անգամ, երբ ռուսական ռումբերը ոչնչացնում են իսլամիստների ու ահաբեկիչների հերթական որջը, քար լռություն է պահպանում Թուրքիայի նման արարքների պարագայում։ Էլ չասենք, որ կա հավանականություն, որ հարվածը հասցրել են ոչ թե թուրքական օդուժի ինքնաթիռները, այլ ՆԱՏՕ-ինը։
Ու սա ոչ եզակի էպիզոդ է, ոչ էլ ամենամասշտաբայինը։ Այնպես է ստացվել, որ Հայաստանը գտնվում է այն ճամբարում, որը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես իր հակառակորդ՝ դրանից բխող բոլոր տնտեսական, իրավական, քաղաքական ու ռազմական հետևանքներով։ Ու մեր ճամբարի շատ ներկայացուցիչների համեմատ մենք շատ ավելի ծանրակշիռ պատճառներ ունենք ՆԱՏՕ-ն թշնամական կառույց համարելու համար, ու թիվ 1 պատճառը Թուրքիան է՝ իր պանթուրքիստական էքսպանսիոնիզմով ու երբեք չդադարեցված հայատյացությամբ։
Ու քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի ակտիվ, թե պասիվ անդամ է, ՆԱՏՕ-ին էլ պետք է դիտարկել որպես թշնամու ընկեր, ուստի՝ թշնամի։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/10/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել