Պաշտոնական Վաշինգթոնը մերժեց Սիրիայի հարցով քննարկումներ անցկացնելու համար ՌԴ վարչապետ Մեդվեդևի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ԱՄՆ այցի վերաբերյալ Կրեմլի առաջարկը: Այդ մերժումն առիթ դարձավ քարոզչական պատերազմը թեժացնելու համար, սակայն տարատեսակ քարոզիչների ճամարտակություններն ու փոխադարձ մեղադրանքներն, այդուհանդերձ, հարցի սպառիչ պարզաբանումը չեն պարունակում՝ սիրիական ճգնաժամը չի կարելի դիտարկել բացառապես նախագահ Ասադի իշխանությունը տապալելու կամ պահպանելու՝ համապատասխանաբար ԱՄՆ-ի և Ռուսաստանի հակոտնյա ձգտումներով: Սիրիական քաղաքացիական պատերազմն «Արաբական գարուն» գործողության բնականոն մասն է ու դրա նպատակային շարունակությունը, և կարելի է ասել, որ Ռուսաստանը մեծ ուշացումով է դարձել այդ համաարաբական գործընթացի անմիջական մասնակիցը: Այդ գործընթացի առաջին փուլի արդյունքն այն եղավ, որ հերթականությամբ տապալվեցին Իսրայելի առավել հզոր ու սկզբունքային հակառակորդները՝ Իրաքը, Լիբիան, Եգիպտոսը, իսկ Սիրիան ոչ միայն տապալվեց որպես պետություն, այլև խրվեց քաղաքացիական պատերազմի դաժան հորձանուտի մեջ: Այդ պատերազմի ընթացքում ձև ստացավ և աննախադեպ ռազմական հաջողությունների ու տարածքային ձեռքբերումների հասավ Իսլամական պետություն կոչված անհասկանալի կազմավորումը, որն ինքն իրեն ամբողջ աշխարհի թշնամին է հռչակել և սկսել է իրեն ենթակա տարածքներում ոչնչացնել այլազգիներին, քրիստոնյաներին և սուննի իսլամ չդավանող մուսուլմանական համայնքների ներկայացուցիչներին: Կարելի է ենթադրել, որ այս փուլում «Արաբական գարունը» վերաճելու է ներարաբական դավանաբանական պատերազմի, որին այս կամ այն կերպ մասնակցում են արդեն նաև Ռուսաստանը և Իրանը: Կարելի ասել, որ Իսրայելի հիմնական ռազմական հակառակորդների տապալումից հետո այս երկրորդ փուլը կոչված է տարածաշրջանային գերլարվածության գոտին հրեական պետության սահմաններից տեղափոխել արաբական, իսլամական աշխարհի խորքային շրջանները, և հրեա-արաբական կատաղի և անզիջում դիմակայությունը կխամրի ու երկրորդական նշանակություն ձեռք կբերի, օրինակ, իսլամական աշխարհում արագ զարգացող սուննի-շիա զինված դիմակայության ֆոնի վրա: Այսպիսով՝ նախ տապալվեցին հիմնական դերակատարներն, իսկ այժմ էլ միանգամայն նոր ձևավորում է տրվելու ամբողջ մերձավորարևելյան թատերաբեմին: Թերևս ընթացող խաղի ոչ բոլոր մասնակիցներն են որսացել արդեն իսկ կատարված փոփոխությունների հեռահար նպատակների էությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/676342025834825?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել