Ֆեյսբուքը հասարակ հիվանդություն չէ: Այն սուր համաճարակ է, որը ներծծվել է մարդկության ոսկորների մեջ և մթագնեցրել նրանց միտքը: Մեզ հայտնի մյուս հիվանդություններից այն տարբերվում է նրանով, որ մարդիկ ֆեյսբուքյան համաճարակից բուժվել անգամ չեն էլ փորձում: Իսկ բուժվելու կարիք հավատացնում եմ կա:
Երբևէ մտածել եք՝ ինչի՞ է վերածվել մեր կյանքը: Ինչո՞վ ենք ապրում, ինչ հետաքրքրություններ ունենք այսօր: Նկատե՞լ եք, որ ամեն ինչ մի տեսակ արժեզրկվել է: Այն ինչ առաջ մեզ մեծ բավականություն էր պատճառում, հիմա բացարձակ միևնույն է: Սկսել ենք հաճույք ստանալ միայն ֆեյսբուքից: Չնայած այդ հաճույքն էլ է աստիճանաբար բթանում, այն այժմ ավելի շատ կախվածություն է, քան հաճույք: Միայն ֆեսյբուքում ենք մեզ երջանիկ ու բավարարաված զգում, մեզ ինչ-որ պրոցեսների մասնակից և վերահսկող ենք զգում: Եվ ամեն անգամ համակարգիչը փակելիս հաջորդ վայրկյանից սկսում ենք կարոտել այդ ամեն ինչը: Կյանքը կարծես այդ պահից իմաստազրկվում է, ուստի ջանում ենք որքան հնարավոր է շատ մնալ ցանցում և հետաձգել մյուս բոլոր գործերը: Հետաձգել գուցե և հավերժ:
Համեմատե՞լ եք ինչ է ձեզ տալիս ֆեյսբուքը և ի՞նչ է խլում ձեզանից: Այն ինձ գրեթե ոչինչ չի տալիս, բայց խլում է կյանքիս ամենաթանկ րոպեները, որը կարող եմ նվիրել գործիս կամ անցկացնել հարազատներիս հետ: Ամեն անգամ ատում եմ ինձ, երբ երեկոյան աշխատանքից վերադառնալով ոչ թե հորս ու մորս հետ եմ շփվում, այլ փակվում են սենյակումս ու միացնում ֆեյսբուքս: Զգում եմ կտրվում եմ հարզատներիցս ու շրջապատիցս, բայց ես անզոր եմ այդ մոլուցքի դեմ: Այն ինչ սպասում է ինչ էկրանի մեջ չափազանց գրավիչ է և կանչում է ինձ:
Ապրում եմ ինքս էլ չհասկանալով, ինչի և ում համար: Իմ մտքերը, գաղտնիքներս անգամ այլևս իմը չեն: Ամեն վայրկյան գնահատելու ու գնահատված լինելու կարիք եմ զգում: Այլևս ես չեմ որոշում ինչ և ինչպես անեմ: Ֆեյբուքյան հասարակությունն է դա ինձ թելադրում, հետո էլ գնահատում՝ լա՞վ արեցի թե՞ վատ: Ինձ դերասան եմ զգում մի բեմում, որտեղ խաղացանկում միայն իմ կյանքն է: Կյանք, որը կսիատ եմ ապրում…
Ընկերներս էլ են մի տեսակ փոխվել, շրջապատիս չեմ ճանաչում: Ընկերդ այնքանով է լավ ընկեր, որքանով ակտիվ կգնահատի ու կմեկնաբանի նկարներդ: Ընկեր ունեմ՝ արդեն 6 ամիս է չենք հանդիպել, բայց առաջ գրեթե ամեն օր տեսնվում էինք, իսկ ես նրան չեմ կարոտում: Մի քանի օր առաջ հրավիրեցի սրճարան զրուցելու ու շբվելու: Նստեցինք, սկսեցինք զրուցել ու հասկացա, որ այլևս հետաքրքիր չենք իրար, այլևս չկա այն ձգող ուժը, որ ստիպում է գամված միմյանց լսել: Մենք ինչ-որ ուրիշ բաների մասին էինք մտածում: Մենք ֆեյսբուքում կիսատ թողած մեր գործերի ու չուղարկված նամակների մասին էինք մտածում:
Անկեղծ ասած խիստ կասկածում եմ, որ ինչ որ երիտասարդ դուրս կգար քաղաքում զբոսնելու եթե նոր նկար ունենալու մոլոցքը նրան պարուրած չլիներ: Առաջ ո՞վ էր սրճարաններում նկարվում: Իմ սիրած սրճարաններն առաջ կապուչինո խմելու համար էին, իսկ հիմա՞: Հիմա ընկերուհիներով դուրս են գալիս զբոսնելու ու ամեն մեկը հետը լուսանկարչական ապարատ է վերցնում ու մտովի պատկերացնում, թե ֆեյսբուքում ինչ հաջողություն է ունենալու նրա նոր կիսաէրոտիկ հայացքով նկարը:
Հաճախ եմ միայնակ սրճարան գնում: Պարզապես ինձ հետ մենակ մնալու կարիք եմ ունենում: Մի գավաթ սուրճ եմ պատվիրում, վառում եմ սխախոտս ու հետևում շրջապատիս: Փորձում եմ թափանցել մարդկանց հոգիների մեջ, հասկանալ՝ ով են և ինչը ինչի համար են անում: Գալիս են ընկեր ընկերուհիներով նստում ու ամեն մեկը փոխանակ դիմացինի դեմքին նայի ու փորձի զրույց սկսել, հանում է հեռախոսն ու խորանում էկրանի մեջ: Այս պահերին հասկանում ես, որ նրանք միմյանց պարզապես հետաքրքիր չեն:
Չէ, ամենավատ բանը որ կարելի էր մտածել Wi-Fi-ն էր սրճարաններում: Սկսել եմ կարոտել 4-5 տարի առաջվա մեզ: Գնում նստում էինք ընկերներով զրուցում ուրախանում: Հիմա հազիվ եմ ընկերներսի ուշադրությունը մեզ վրս կենտրոնացնում:
Մի բան հստակ եմ որոշել՝ ես երբեք հեռախոսով ֆեյբուք չեմ մտնի, որովհետև ուզում եմ ապրել կյանքիս մի մասն առանց ֆեյսբուքի: Ապրեմ ոչ թե ֆեյսբուքում, այլ իմ սիրած քաղաքում: