Այսօր, ինչպես գիտենք, Նիդերլանդների անվտանգության խորհուրդն ու «Ալմազ-Անտեյա» կոնցեռնը ներկայացրեցին անցած տարի Ուկրաինայի տարածքում խոցված մալազիական Բոինգի վերաբերյալ զեկույցներ և վարկածներ:
Այս թեմայի վերաբերյալ նյութերը ռուսական մեդիա դաշտում սնկի պես աճում էին: Նիդերլանդների ներկայացրած զեկույցում նշվում էր միայն այն, թե ինչ զինատեսակից ինչ հրթիռով և որ կողմից են խոցել ինքնաթիռը, և փորձագետներն ընդհանրապես չեն ուսումնասիրել, թե ով է մեղավոր (սա բառացի նշել են նաև հենց իրենք Նիդերլանդների փորձագիտական խմբի անդամները):
Ռուսական մամուլը, լսելով, որ օգտագործվել է «Բուկ» հրթիռ, սկսեցին արագորեն հաղթական, «ուռա» տեսակի վերլուծականներ տպել և ծանր տակառը գլորել Ուկրաինայի վրա` պնդելով, որ Ռուսաստանը վաղուց չունի նման զինատեսակ: Ինչևէ, ակնհայտ էր, որ նման զարգացում են ունենալու ուսումնասիրությունների այսօրինակ արդյունքները: Հեղինակավոր մի քանի ռուսական կայքեր ներկայացրել էին վերլուծական հոդված, որտեղ փորձում էին ապացուցել, որ Նիդերլանդների փորձագետները դե ֆակտո դեղին քարտ են ցույց տվել ուկրաինացիներին:
Արևմտյան մամուլում թեմայի վերաբերյալ քննարկումները նույնպես բավականին բուռն էին, սակայն արևմտյան լրատվամիջոցները հիմնական շեշտը դնում էին նրա վրա, որ հրթիռը ռուսական արտադրության է, հետևաբար խոցել են ռուսները: Ֆոքս Նյուզն անգամ նշել էր, որ զեկույցում նշվել է, որ մալազիական Բոինգը խոցվել է Ռուսաստանի կողմից:
Դեյլի Մեյլը վերնագրել էր այսպես. «Ռուսական հրթիռը սպանել է օդաչուներին»:
Մի քանի հոդվածներում էլ նշվում էր` ապացուցվել է, որ հրթիռներն ուղարվել են այն տարածքից, որտեղ տեղակայված էին պրոռուսական ուժերը:
Չնայած նրան, որ փորձագետները ոչ մի խոսք չէին ասել մեղավորների մասին, այնուամենայնիվ, թե ռուսական, և թե արևմտյան մամուլը փորձում էին ներկայացնել իրենց ձեռնտու տարբերակով «փաստացի ապացուցվում է», «դրանից բխում է» և այլ պնդումներով:
Սա նման է բոքսի վերջին ռաունդին, երբ մրցավարի ավարտի հրահանգը լսելուց հետո կողմերը բարձրանում են ռինգի կանատների վրա և ժամանակավոր տոնում իրենց հաղթանակը: