Araratnews.am-ը գրում է.
Ֆրանսիային եվրոպական հարցերի պետնախարար պարոն Արլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:
Այս առնչությամբ Արլեմ Դեզիրի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Սույն որոշումը կարեւոր փուլ է Եվրամիության եւ 2009 թվականից Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար: Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձեւի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները Եվրամիության եւ Հայաստանի միջեւ, միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը:
Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի պետնախարարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը եւ վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայաստանին երկրի արդիականացման եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում»:



