Lragir.am-ը գրում է․
Սիրիայում իրականացրած ռմբակոծումներից ու հրթիռակոծումներից հետո Ռուսաստանում աննախադեպ ոգևորություն է։

«Բարձր ճշգրտության զինատեսակի զանգվածային հարվածը Սիրիայում ԻՊ օբյեկտներին Կասպից ծովի ավազանից» վերնագրով տեսաժապավենը միայն կայքերից մեկում շուրջ չորս միլիոն դիտում արձանագրեց մի քանի օրում…  թեև կադրերը կասկածելի թարմության են ու թքած-կպցրած առանց որևէ  տրամաբանության կամ սյուժետային գծի։

«Ֆեյսբուքում» վճարովի (sponsored) այս տեսաժապավենը տարածում էր մի կայք, որը խորամանկորեն ծպտված է «Բալթնյուզ» անվան տակ, հավանաբար այն թերահավատների համար, ովքեր չեն վստահում ռուսական աղբյուրներին, և մեկ ուրիշ, ասենք՝ բալթյան աղբյուրի կարիք նույնպես ունեն։ Իսկ ահա ՌԴ տեղեկատվության մեկ աղբյուրով բավարարվող տասնյակ միլիոն բնակիչների՝ քարոզչության կատարյալ թիրախի համար, առաջվա պես գործում են հեռուստատեսությունները։

Ռուսական առաջին ալիքի հոկտեմբերի 7-ի «Քաղաքականություն» հաղորդաշարի հյուրերի գլխավոր խնդության առիթը ՎԵՐԱԴԱՐՁՆ էր. Ռուսաստանը վերադարձել է համաշխարհային քաղաքականություն։ Միաժամանակ բոլորն ընդգծում էին՝ 25, 20 տարվա ընդմիջումից հետո։

Ռուսական ալիքների քարոզչությունը, հայկականների նման, բազմակարծության չի ձգտում՝ տաղավարում ճնշող մեծամասնությունը պուտինապաշտներ էին, որոնք չէին էլ հասկանում, թե այդ պնդումով ինչ վնաս են հասցնում իրենց կուռքին. վերջին քսան տարուց առնվազն տասնհինգը Պուտինն է ՌԴ-ը ղեկավարում, ուրեմն, հենց նա է հետ պահել երկիրը համաշխարհային քաղաքականությունից։

Ինչո՞ւ, ինչպե՞ս։ Նավթ կար, և նա զբաղված էր միլիարդավոր դոլարների յուրացում ապահովելով մարդկանց մի նեղ շրջանակի համար, իսկ երբ նավթը պրծավ, քնից զարթնե՞ց... Թե՞ մի կտրուկ շարժում արեց Ուկրաինայում, նավթը պրծացրին, ու քնից զարթնեց։ Հերթականությունը կարևոր չէ, կարևորն այն է, որ նա շուրջ 15 տարի միջազգային ասպարեզում զիջել է առաջնությունը։ «Մենք ցույց ենք տալիս ամբողջ աշխարհին, որ նահանջի դարաշրջանը, դավաճանության դարաշրջանը մոտենում է ավարտին»,- հայտարարեց քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը։

Սա մի կողմից բարեկամ երկրներին դավաճանելու, մյուս կողմից պետական դավաճանության, նվազագույնը՝ հանցավոր անգործության մեղադրանք է Պուտինին։ Բայց ոչ պուտինապաշտ բանախոսը, ոչ պուտինամոլ լսարանը ի վիճակի չեն ընկալել այս հակասությունները մեկ գլխի մեջ. բոլորը ցնծում են՝ մենք վերադարձել ենք։

Լավ, ասենք, վերադարձել են և օգնեցին Ասադին տիրել ամբողջ Սիրիային, ո՞րն է լինելու հաջորդ քայլը. հարություն տալ մեռելների՞ն՝ Մուհամմար Քադաֆիին, Սադդամ Հուսեյնին։

Ի՞նչ ուղերձ է հղելու Ռուսաստանն աշխարհին՝ որ «նոր գերտերությու՞ն» է ի հայտ եկել, ինչպես ազդարարեց հաղորդման մի մասնակից։

Աշխարհում շատերը կան, ում դուր չի գալիս, որ գերտերությունը մեկն է։ Ավելին, ինտելեկտուալ էլիտաները, որ ավանդաբար ձախ են, հոգնած ու զզված ամերիկյան մետապատումից, բայց ի՞նչ է առաջարկելու նրանց «նոր գերտերությունը»՝ միլիարդավոր նավթադոլարների յուրացման մեխանիզմնե՞ր…

Ճիշտ է, հաշվարկելի ապագայում Հայաստանին ձեռնտու է, որ Ռուսաստանի գլուխը խառը լինի. որ չսկսեն մուննաթ գալ, թե ինչի ենք մենք ուրիշ լեզվով խոսում, քան իրենք, կամ ինչո՞ւ եվրոպական սննդամթերքը չենք ոչնչացում… կամ էլ՝ որ հայ քաղաքական ուժերը չվազեն Մոսկվա, որպեսզի Պուտինը ջոկի արդար-մեղավոր։

Հաշվարկելի ապագայում հայերիս ձեռնտու է նաև, որ Սիրիայում վիճակը կայունանա։ Որպեսզի Հալեպի հայկական թաղամաս ոտք չդնեն ոչ չափավոր, ոչ չափը կորցրած իսլամիստներ։ Բայց ռմբակոծությունների առթիվ գլուխները կորցրած հայերը իզուր են կարծում, թե դրանով եղբայրանում են ռուսների հետ... կամ որ գոնե սիրիահայերը ապահովության մեջ կլինեն։

Հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն, օրինակ, լռեցրեց «Քաղաքականություն» հաղորդման բոլոր ընդդիմախոսներին հայտարարությամբ, թե գործընթացն ավելի արժեքավոր է, քան արդյունքը (процесс дороже результата), որ սա Ռուսաստանի համար «համակարգչային պատերազմ է», այսինքն, հենց արդյունքի հասնելու համար ծանր գին պահանջվի, զոհեր, նրանք հետ կքաշվեն… «կդավաճանեն»։

Իսկ ինչ վերաբերում է եղբայրության ցույցերին, ռուսների արձագանքը մեկն է. ըհը, հայերը եղբայրանում են, որ մեր ձեռքով իրենց հարցերը լուծեն։

Ուրեմն, թող ռուսները ռմբակոծեն իսլամիստներին, եթե դա իրենց պետք է։ Աստված կամենա՝ լավ վերջնարդյունքով։ Մեր և ռուսների եղբայրության թիրախները բոլորովին ուրիշ տեղ են գտնվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել