GalaTV.am-ը գրում է.
«Օբաման հույսը դնում է «Սիրիայի արաբական կոալիցիայի» վրա «Իսլամական պետության» դեմ պայքարում եւ Ռուսաստանի գործողություններին հակադրելու հարցում»,- գրում է Ֆեդերիկո Ռամպինին La Repubblica-ում:
«Ի պատասխան իր հավերժական մրցակից Ջոն Մաքքեյնի 4-5 ապստամբների նախապատրաստման համար ծախսված 500 մլն. դոլարի վերաբերյալ եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ չափավոր ապստամբների երեւակայական բանակի վերաբերյալ ծաղրական արտահայտություններին՝ Բարաք Օբաման որոշել է վերանայել իր ռազմավարությունը Սիրիայում: Նման քայլի հրատապությունը բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ Ռուսաստանն ակտիվորեն գործում է սիրիական ռազմական թատերաբեմում»,- ասվում է հոդվածում:
«Օբամայի նոր ծրագիրը բաղկացած է երկու տարրերից. Ռաքքայի վրա ճնշման ավելացման նպատակով Սիրիայի հյուսիս-արեւելքում նոր հարձակման նախապատրաստումը: Ցամաքային գործողությանը պետք է մասնակցեն ամերիկամետ ամենավստահելի ուժերը, այլ կերպ ասած՝ քրդական ռազմականացված խմբավորումները, այսպես կոչված, Փեշմերգան (20 հազար մարդ) եւ արաբական զինյալների նոր գումարտակը (5000 մարդ): Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ 60 մղոն սահմանի լիովին մեկուսացման մեկ այլ գործողություն կհանձնարարվի սիրիական ապստամբների կիսառազմական խմբավորումներին այն հատվածում, որտեղից ԻՊ-ի կողմից վերահսկվող գոտիներում գտնվող ջիհադիստների համար օգնություն եւ զենք է գալիս: Այս երկու ցամաքային գործողությունների աջակցության համար պետք է մեկնարկի օդային հարվածների նոր փուլ, որոնք պետք է հասցվեն Թուրքիայում Ինջիրլիքի օդուժի ռազմակայանից»,- գրում է թղթակիցը:
«Շատերը մեղադրում են Օբամային, որ նա «թողեց Սիրիան ռուսներին», բայց դրա հետ մեկտեղ նրանք մոռանում են, որ Սիրիան գտնվում է նրանց ձեռքերում առնվազն 1971 թվականից, երբ բացվեցին Լաթաքիայի եւ Տարտուսի նավատորմի ռազմակայանները: Պուտինի վերադարձը, որպես Մերձավոր Արեւելքում գլխավոր դերակատար, իրական մարտահրավեր է Օբամային: Սպիտակ տունը չի կարող թերագնահատել ռուսաստանյան ռազմական միջամտության հետեւանքները: Ռմբակոծության յոթ օրերի ընթացքում ամերիկացիները համոզվեցին, որ Պուտինը հարձակման է ենթարկում ոչ թե ԻՊ-ին, այլ՝ ամերիկամետ ընդդիմությանը: Մոտ ապագայում կմեծանա միջադեպերի վտանգն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի եւ Ռուսաստանի ավիացիայի միջեւ, քանի դեռ պատշաճ կերպով չի սկսել գործել տեխնիկական խորհրդակցությունների մեխանիզմն ամերիկացի եւ ռուսաստանցի զինվորականների միջեւ ռազմական բախումների եւ այլ ակամա միջադեպերի կանխարգելման վերաբերյալ»,- ասվում է հոդվածում:
«Պուտինը կրակի վրա յուղ է լցնում»,- շարունակում է կրկնել ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Բայց այժմ Օբաման խաղադրույք է կատարում Սիրիայում կոնկրետ պատասխանի վրա եւ հույսը դրել է «սիրիական արաբական կոալիցիայի» վրա. սա նոր կոալիցիայի անվանումն է, որը ներառում է մի քանի տասնյակ ապստամբական խմբավորումների, որոնք պետք է մարտնչեն քրդական փեշմերգայի կողմից ԻՊ-ի դեմ՝ այն հույսով, որ այս կոալիցիան եւս չի դառնա, ինչպես Լավրովն է ծաղրում՝ ստվերների բանակ»,- հավելում է լրագրողը: