Հոկտեմբերի 5-ին ԱԺ քառօրյայի ընթացքում քվեարկվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի փոփոխված տարբերակը հանրաքվեին դնելու համաձայնություն տալու մասին օրենքի նախագիծը:
Սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ դժգոհությունները դեռևս շարունակվում են: Այսօր էլ ընդդեմ Սահմանադրության նոր նախագծի ստեղծված «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները բողոքի ցույց անցկացրին Ազգային ժողովի դիմաց: Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներն օրենսդիր մարմնի շենքի դիմաց նույնպես միացել էին ցուցարարաներին:
Կրքերը բորբոքվել էին այն աստիճան, որ ՀԱԿ անդամները դուրս եկան վերահսկողությունից: Արամ Մանուկյանը ոստիկանին «արա»-ով դիմեց, իսկ Զուրաբյանն Օսիպյանին անվանեց խուժան:
Ամեն դեպքում ոստիկանին վիրավորելով ու նրանց հասցեին անվայել արտահայտություններ օգտագործելով՝ չի կառուցվի բոլորիս երազած «օրինակարգ» պետությունը:
Բացի դա մի փոքր կուզենայի անդրադառնալ բուն ակցիային: Անկասկած, թեման այնքան հետաքրքրություն չէր ներկայացնում, որպեսզի փողոց փակվեր: Դրա ապացույցն այն էր, որ հավաքին մասնակցում էր ընդամենը 200-250 քաղաքացի: Մասնակիցները հետիոտնի ճանապարհ էին փակել, ուզում էին պաստառներ փակցնել ԱԺ դարպասներին փորձելով՝ իրենց կարծիքն արտահայտել:
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ սահմանադրական բարփոխումների դեմ անցկացվող «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած ցույցին մասնակցում էին մաքսիմում 250 քաղաքացի, իսկ խորհրդարանում 104 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ փաստաթուղթ է ընդունվում: Ընդ որում, ՀՀԿ-ի խմբակցությունը բաղկացած է 70 պատգամավորից, և որոշ ՀՀԿ-ականներ տարբեր առիթներով նիստին ներկա չէին:
Այսինքն՝ սա նշանակում է, որ մոտավորապես 40 ոչ ՀՀԿ-ական կողմ է քվեարկել սահմանադրությանը:
Կարծում եմ՝ չարժե ֆիքսվել երրորդական թվացող հարցերի վրա: Ամբողջ խնդիրը հենց սա է։