Ներկայիս քաղաքական դաշտում սկսել են ակտիվ դերակատարություն ունենալ քաղաքացիական նախաձեռնությունները՝ որոշ առումով լցնելով ընդդիմադիր դաշտում առաջացած վակուումը: Վերջին շրջանում նախաձեռնողականությամբ է աչքի ընկնում «Չեք անցկացնի» նախաձեռնությունը, որը պայքարում է սահմանադրական փոփոխությունների դեմ:
Հաճախ նորահայտ նախաձեռնությունների անդամները փորձում են հանդես գալ վերլուծություններով, որոնցում շոշափում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցեր, սակայն այդ վելուծությունները ոչ միշտ են ապավովված լինում փաստարկված հիմքով: Օրինակ՝ «Չեք անցկացնի» նախաձեռնության հոկտեմբերի 2-ի ակցայի ընթացքում այդպիսի մի հայտարարությամբ է հանդես եկել նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե ՄԱԿ-ում Օբաման և Բան Կի Մունը դատապարտել են իրենց իշխանությունը երկարաձգել փորձող բռնապետերին, ուստի դրանից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը դեմ է արտահայտվում ՀՀ սահմանադրական փոփոխությունների իրականացմանը: Ա. Գրիգորյանը հավելել է նաև, թե Ռուսատանը նույնպես դեմ է Հայաստանում իրականացվող սահմանադրական ոփոխություններին, և դա առաջիկայում կերևա:
Եթե «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամի հայտարարությունը դիտարկենք հասարակ քաղաքացու մտածելակերպից դուրս, ապա կարող ենք ասել, որ այդ հայտարարությունը ոչ միայն թույլ է իր հիմնավորվածությամբ, այլև լիովին անտեղի: Բացատրենք, թե ինչու:
Նախ նշենք, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումը ՀՀ ներքին գործն է և դրան հավանություն կարող է տալ կամ չտալ միայն ՀՀ քաղաքացին, ոչ մի օտար երկիր՝ լինի Ռուսաստանը, թե ԱՄՆ-ը, չի կարող որոշել ՀՀ քաղաքացու փոխարեն՝ փոփոխություները անցնեն, թե՝ ոչ: Նրանք իրավասու չեն խառնվել ՀՀ ներքին գործերին, և ուղղակի անմտություն է այս հարցում հղում կատարել օտար երկրների ղեկավարների կամ որոշ դիվանագետների ընդհանրացված ձևով ինչ-ինչ հայտարարությունների վրա, որոնք հասցեատեր չունեն:
Մյուս կողմից հարց է առաջանում, եթե մեր երկրում ինչ-որ հասարակական-քաղաքական գործընթաց սկսելու անհրաժեշտություն է առաջանում, ի՞նչ է, պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ գնահատականներ են տալիս դրսից, հետո որոշենք մեր դիրքորոշումը և առա՞ջ շարժվենք: Սրանով որ արհեստականորեն ուժգնացնում ենք մեր կախվածությունը դրսի աշխարհից:
ՀԳ. Բարգավաճում են այն երկրները, որոնց քաղաքացիներն իրենց երկրի ապագայի տերերն են: