Կամ համառոտ մի քանի խոսք ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական համագործակցության իրավական կարգավորման մեխանիզմների մասին…
Ս.թ. սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում նախագահ Ս. Սարգսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին և վերջին օրերի ընթացքում այդ պետության կողմից ՀՀ պետական և ԼՂՀ պետական սահմանների գնդակոծություններին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ և զինծառայողներ, տառացիորեն հայտարարեց հետևյալը.
…Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է:
Քննարկման այլ տիրույթում է գտնվում արտաբերված մտքի քաղաքական վերլուծությունը, և չեմ բացառում, որ այն այս կամ այն «շահագրգիռ» խմբերին կամ պետություններին ուղղված ազդանշան էր` ինչ-ինչ քաղաքական հաշվարկների հիման վրա, ինչ-ինչ քաղաքական իրողություններից ելնելով և ինչ-ինչ քաղաքական նպատակներ հետապնդելով…
Սույն վերլուծությամբ մենք այլ խնդիր ենք քննության առարկա դարձնում և մեր խնդիրն ենք համարում անդրադառնալ բացառապես ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական համագործակցության իրավական կարգավորման մեխանիզմներին, ինչը, մեր խորին համոզմամբ, պակաս կարևոր չէ, քան բուն քաղաքական գործընթացը:
Փորձենք հասկանալ, թե այդպիսի միտք արտահայտելու համար, արդյո՞ք, առկա են դրա հիմքերը, և եթե այո, ապա որո՞նք են դրանք… Այսպես.
1991թ. սեպտեմբերի 2-ին դեռևս ԽՍՀՄ գոյության պայմաններում Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը:
Նույն թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով ԼՂՀ բնակչության ճնշող մեծամասնությունը արտահայտվում է ԼՂՀ անկախության օգտին:
Զուտ հետաքրքրության համար ընդգծենք, որ հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ, որոնցից 24-ը դեմ է քվեարկել անկախության օգտին:
ԼՂՀ-ն ունի իր սահմանադրությունը, որի առաջին հոդվածի համաձայն` այն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ԼՂՀ-ն ունի անկախ պետություններին բնորոշ անհրաժեշտ բոլոր պետական կազմավորումները` այդ թվում Նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն, դատական իշխանություն, տեղական ինքնակառավարման համակարգ, զինված ուժեր և այլն, ինչը նշանակում է, որ 1991-ից մինչ օրս հաջողվել է ձևավորել ու կայացնել այնպիսի պետական կազմավորում, որն ապահովել է անկախ պետությանը հարիր թե՛ գործելակերպ, և թե՛ սկզբունքներ:
Իմ խորին համոզմամբ՝ պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի անցած ճանապարհը, ինչպես նաև ընտրած ուղին և նրանց կողմից ընդունված որոշումները, այլ կերպ ասած` պետք է հաշվի նստել ԼՂՀ անկախության և պետականության իրողության հետ և փորձել անել հնարավորը` այն միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու համար…
1991-1994թթ պատերազմի արդյունքը հայտնի է: Միայն արձանագրենք երկու հատկանշական և, մեր կարծիքով, կարևորագույն հանգամանք.
1994թ. մայիս ամսին «Հրադադարի մասին» պայմանագրով (Պայմանագիրը ստորագրել են Ադրբեջանի կողմից Մ. Ի. Մամեդովը 1994 թվականի մայիսի 9-ին Բաքվում, Հայաստանի անունից Ս. Սարգսյանը մայիսի 10-ին Երևանում, ԼՂՀ անունից Ս. Բաբայանը մայիսի 11-ին Ստեփանակերտում) կողմերը, արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա, համաձայնել են ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից:
Սա միակ փաստաթուղթն է, որով հաստատվել է զինադադար:
Անցնող 21 տարիներին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մասնակցել և մասնակցում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, սակայն, ցավոք, որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել:
Հակառակը, նշմարվում են առավել բացասական միտումներ, որ Ադրբեջանը գնալով հակվում է այն մտքին, որ հարցը պետք է կարգավորվի ռազմական ճանապարհով:
Իս սա նշանակում է պատերազմ:
Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, այս տարիների ընթացքում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, բացի ռազմաքաղաքական խնդիրներ լուծելուց, ստեղծել է նաև համապատասխան իրավական մեխանիզմներ` ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այսպես`
ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) 1-ին գլխի 3-րդ կետի 2-րդ ենթակետով արձանագրված է, որ ՀՀ ազգային անվտանգության առանցքային խնդիրն է ԼՂՀ հակամարտության կարգավորումը:
Համաձայն վերը նշված փաստաթղթի՝ ՀՀ և ԼՂՀ հանդեպ Ադրբեջանի Հանրապետության կողմից զինված ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները դիտարկվում են որպես արտաքին անմիջական սպառնալիք:
Ավելին՝ իրադարձությունների սցենարը հիշատակված ձևով զարգացում ապրելու պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Հետևաբար, ՀՀ-ն, հենվելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում:
Ռազմավարության 3-րդ գլխի 1-ին մասով ամրագրված է, որ ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորը:
Գիտակցելով այս հանգամանքը` ռազմավարության մեջ արտացոլվել է այն դրույթը, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի և ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:
Այսինքն, ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ստանձնել է ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովողի առաքելությունը՝ դրա իրագործման միջոց համարելով նաև իր զինված ուժերը:
Ավելին, ռազմավարության ողջ երրորդ գլուխը վերաբերում է հենց ԼՂՀ-ին, որում սևով սպիտակի վրա արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են:
Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:
Նույն պարբերության մեջ տեղ է գտել ոչ պակաս կարևոր ձևակերպում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, այն է` այդ հիմնախնդիրը լուծել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով:
Ուստի, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պահանջում է մշտական բարձր մարտական պատրաստականություն:
Այս գործում Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ 2007թ. դեկտեմբերի 25-ին ՆՀ-308-Ն հրամանագրով ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ ռազմական դոկտրինով ամրագրվել է, որ ՀՀ-ն ԼՂՀ ժողովրդի անվտանգության և նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է:
Աջակցություն ասվածի տակ, ի թիվս այլոց, միանշանակ պետք է հասկանալ նաև աջակցությունը բոլոր առումներով, այդ թվում` մարդկային ռեսուրսի տեսքով, ինչը բխում է ՀՀ ռազմական դոկտրինով սահմանված՝ 1988-94թթ. ԼՂՀ ժողովրդի՝ օրինական և խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու ձգտմանը ռազմական ուժ հակադրելու և նրան պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունից, ԼՂՀ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի Հանրապետության ձգտումներով պայմանավորված՝ մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի ենթակա ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ անվտանգության ապահովման խնդիրների փոխկապակցվածությունից ու ընդհանրական ընկալումից:
Նկատենք նաև, որ ՀՀ ռազմական դոկտրինի 4-րդ գլխի 16-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության, ՀՀ և ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման ռազմական նպատակներից է բազմակողմ և երկկողմ հավասարակշռված ռազմական համագործակցության զարգացումը ԼՂՀ հետ:
Այսպիսով, պետք է փաստել, որ ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսները, այդ թվում և մարդկային ներուժը կարող է ներդնել ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների կազմակերպման գործում:
Այլ կերպ ասած` Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ձևավորել է թե՛ ռազմաքաղաքական և թե՛ իրավական բոլոր մեխանիզմները` ընդգծելու, որ ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգությունն անշեղորեն խարսխված է ՀՀ անվտանգության հետ, և անհրաժեշտության դեպքում Հայաստանը կձեռնարկի համապատասխան միջոցներ` իր անվտանգությունն ապահովելու նպատակով…