Galatv.am-ը գրում է.
Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադի մամլո-ասուլիսը, որի ժամանակ նա ներկայացրեց Սիրիայում տիրող իրավիճակը:
Նա նախ հերքեց այն լուրերը, որ ՌԴ ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել, ապա հավաստիացրեց, որ թիրախի տակ գտնվում են միայն «Իսլամական պետության» ներկայացուցիչները: Դեսպանը նաև հավելեց, որ դեռ վաղ է խոսել ՌԴ զինված ուժերի ռազմական գործողությունների ժամկետների մասին:
Արձագանքելով ԳԱԼԱ-ի թղթակցի այն հարցին, թե պատերազմի արդյունքում քանի հայ է մնացել Սիրիայում և ի՞նչ կարգավիճակում են նրանք գտնվում, Ռիյադ Հադադը հորդորեց չանհանգստանալ Սիրիայում հայ համայնքի համար, քանի որ նրանք գտնվում են կառավարական բանակի պաշտպանության տակ:
«Հայերը Սիրիայի հասարակության անբաժանելի մասն են, նրանք շատ վաղուց են ապրում մեր երկրում եւ օգտվում նույն իրավունքներից: Մեծ թվով հայեր հիմա ապրում են Դամասկոսում, Հալեպում և մերձծովյան այն հատվածներում, որոնք կառավարական զորքերն են տիրապետում»,- նշեց դեսպանը:
Նրա խոսքերով՝ սիրիահայերը աջակցում են Բաշար Ասադի կառավարությանը և նրա զորքերին: Դեսպանը նաև ավելացրեց, որ հայ մարտիկները հաջողությամբ մարտնչում են «Իսլամական պետության» դեմ և կարևոր դեր են խաղում նրանց դեմ պայքարում: