Աշխարհի բազմաթիվ երկրներում նվիրատվությունը ձևակերպվում է նոտարի միջոցով և հարկվում է պետության կողմից։
Վստահ եմ, որ Հայաստանում ևս այդ օրենքը կլինի, և մեր չինովնիկներն էլ այնքան խելք ունեն, որ նորմալ ձևակերպած կլինեն իրենց ընդունած թանկարժեք և բազմամիլիոնանոց նվերները։ Նրանք ուղղակի ալարում են այդ ձևակերպման փաստաթղթերը, ինչպես նաև նվիրատվության հարկի մուծման անդորագրերը հանրությանը ներկայացնել։ Հավես, գնա, թղթերը քանդրտի, գտի դրանք, բեր ասուլիսին։ Ո՞վ այդքան հավես ունի։
Բազմամիլիոնանոց նվերներն այս իմ ասած տեսքով ձևակերպվելուց հետո միայն չեն համարվի կաշառքներից գոյացած միջոցներ։ Կարծում եմ՝ հանրապետության դատախազն այս հարցով պիտի անպայման հետաքրքրված լինի, միշտ ուշադրության կենտրոնում պահի մեր չինովնիկության կաշառակերական հակումները և նրանց ստիպի բոլոր նվիրատվությունները ձևակերպել համապատասխան փաստաթղթավորմամբ։