Սիրիահայ երիտասարդ ընտանիքը որոշել էր այցելել հայրենիք և հետաքրքիր տուր էր մշակել` այցելություն նախ Արևմտյան Հայաստան, ապա Հայաստան: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. սեպտեմբերի 9-ին, ընդամենը մի քանի ժամվա մեջ որոշում կայացնելով, Կարոն ու Շողիկն իրենց 8-ամյա դստեր` Սերլիի և 4-ամյա որդու` Սարգսի հետ հայտնվեցին Երևանի օդանավակայանում: Հիմա անորոշ վիճակում են, չգիտեն՝ ի՞նչ է լինելու. «Որոշում չենք կրնար կայացնել, կարծես երկու քարի արանքում լինենք,- բացատրում է կինը,- համենայն դեպս, քանի դեռ հոս ենք, կուզենք հայաբույր ամեն բանի շունչը վայելել»:
Ամուսինը` Կարոն, կաշեգործ է: Նորաստեղծ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջոցով, որը զբաղվում է հայրենադարձությամբ, փորձում է իր մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել: Նա լավատես է, հավատում է, որ մարդն ինչպես տրամադրվում է, այնպես էլ գործերն ընթանում են:
Երբ երիտասարդ ընտանիքին հանդիպեցի Երևանի Թելմանի անվան դպրոցում, որտեղ արդեն երկու ամիս է` հաճախում է նրանց աղջիկը, ուսուցչուհիներից մեկը` Ցողիկ Թամրազյանը, Սարգսի ձեռքը բռնած, ռազմագիտության դասարանում շրջայց էր կատարում: Փոքրիկի հիացմունքն ու ոգևորությունը գագաթնակետին էին հասել: Պարզվեց` երեխան հատուկ սեր ունի զենք-զինամթերքի նկատմամբ: Հարցին, թե ինչ է ուզում դառնալ, առանց հապաղելու պատասխանեց` զինվոր: Չորսամյա Սարգսին ծնողները տարել էին Ծիծեռնակաբերդ, և նա տեղյակ էր, թե հուշարձանն ինչու է կառուցվել. «Քանի որ թուրքերը հայերուն ջարդեցին,- բացատրում է նա,- երբ մեծնամ, պիտի կռվիմ: Արարատի ամեն շուրջն էլ է թուրք, պիտի կռվիմ, հաղթեմ թուրքերուն…»:
Սարգիսն արդեն սովորել է ընտանեկան քայլերգը. «Մեր անունն է հայկական բանակ»: Երգում է խրոխտ ու հպարտ:
Սերլին (սիրով լի` բացատրում են ծնողները), որ սովորում է դպրոցի 3-րդ դասարանում, այնպես է հարմարվել, որ անգամ հրաժարվել է տեղափոխվել Երևանում հատուկ սիրիահայ երեխաների համար բացված Կիլիկյան վարժարան, որտեղ երեխաները շարունակում են սիրիական ուսումնական ծրագիրը: «Այստեղ լեցուն մայրենի ունինք, իսկ Սիրիայում՝ ընդամենը մեկ մայրենիի դաս էր»,- ասում է նա:
«Ի՞նչն ես ամենաշատը սիրել Հայաստանում» հարցին պատասխանում է` այս դպրոցը: Սերլին հաճախում է նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին:
Ի դեպ, ցավալի մի փաստ Կիլիկյան վարժարանի մասին: Այնտեղ երեխաները չեն սովորում հայոց պատմություն: Պատճառն այն է, որ սիրիական ծրագրով նախատեսված չի եղել հայոց պատմություն, քանի որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տվել: Եվ այսօր Հայաստանում ուսուցումը շարունակվում է նույն կերպ` առանց հայոց պատմության:
«Հայ ասպետ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանն ասում է, որ իրենք Կիլիկյան վարժարանի տնօրենին առաջարկել են շաբաթական մեկ անգամ հայասպետյան ծրագրով անվճար դասեր անցկացնել վարժարանում` ազգային երգ ու պար, պատմություն և այլն: Առաջարկն ընդունվել է և շուտով, հավանաբար, կիրականանա:
Ընդհանրապես Տոնոյանը ճիշտ է համարում բոլոր սիրիահայ երեխաներին հայկական հանրակրթական դպրոցներում ներառելը: Այն մտահոգությունը, որ դա նրանց համար դժվարություններ կառաջացնի` արևելահայերենի և օտար կրթական ծրագրի առումով, փարատվում է ոչ միայն Սերլիի օրինակով, այլև այն երեխաների, որոնք հաճախում են սովորական հանրակրթական դպրոցներ: «Ես տեղյակ եմ, որ այդ երեխաներն ամբողջովին հարմարվել են նոր ուսումնական ծրագրին և որևէ դժվարություն չեն զգում»,- նշում է Տոնոյանը:
Թելմանի անվան դպրոց է հաճախում նաև Սերլիի մորաքրոջ աղջիկը` Աննան: Նա նույնպես չի ուզում որևէ այլ դպրոց տեղափոխվել: Պակաս ոգևորված չեն նաև դպրոցի ուսուցիչներն ու տնօրենը: Ուսուցչուհի Ցողիկ Թամրազյանն այս ընտանիքի հետ այնքան է կապվել, որ դարձել է նրանց բարեկամը: «Պետք է օգնել բոլոր սիրիահայերին, որպեսզի կարողանան գոնե իրենց կեցության հարցերը լուծել: Նրանք հիացած են հայրենիքով, և եթե հեռանում են` մենք ենք մեղավոր»:
Թամրազյանը չի մոռանում նախօրեին հեռուստացույցով դիտած ռեպորտաժը, որում մի սիրիահայ երիտասարդ պատմել է, որ Հայաստանում է իր երեք երեխաների հետ. «Այդ տղան ասաց, որ իր դրամն արդեն վերջանում է, և հուզմունքից շրջվեց, չկարողացավ միտքն ավարտել: Դա տեսնելուց հետո ես ամբողջ գիշեր չկարողացա քնել… Լավ, ո՞վ պետք է տեր կանգնի այդ մարդուն, նրա երեխաներին»:
Ուսուցչուհին կոչ է անում պետական համապատասխան կառույցներին, գործարարներին, բոլոր հայերին միավորվել, ստեղծել այն բյուջեն, որը կնպաստի սիրիահայերին օժանդակելուն և նրանց կարիքները հոգալուն: Նա նաև հիշեցնում է ժամանակի սղության մասին` նշելով, որ ամեն մի ուշացած օրը կարող է նոր արտագաղթի պատճառ դառնալ:
Դպրոցի տնօրեն Ռ. Տանանյանն էլ հիշում է երեխաների մուտքը դպրոց. «Նրանք վախվորած մեզ էին նայում, մեր խոսելու ձևին, որը տարբեր էր: Նկարչության ժամին երեխաներից մեկը նկարել էր փլված սև տուն, զենք, ինքնաթիռ, այն դեպքում, երբ կողքի երեխան թիթեռ էր նկարել: Այդ նկարից մենք բոլորս հուզվեցինք»:
Տնօրենն ուսուցիչներին ընդամենը մի բան է խնդրել` այնպես անեն, որ այդ երեխաները սիրված լինեն բոլորի կողմից: «Երեխային ուրիշ բան պետք չէ, միայն սեր, և դրա արդյունքն է, որ երեխաներն այլևս չեն ուզում այս դպրոցից գնալ»:
Նա համոզված է, որ եթե այս մոտեցումը լինի ողջ պետության կողմից, ապա նույն ձևով էլ Հայաստանից չեն ուզենա գնալ:
Սերլիի մայրն այդ ջերմ վերաբերմունքը զգացել է դպրոց մտնելու առաջին իսկ պահից: Պատմում է, որ մարդիկ նույնիսկ մոտեցել են, ձեռքի ափի մեջ թղթի կտորներ սեղմել, որոնց վրա իրենց հեռախոսահամարներն են գրված եղել, որ եթե որևէ խնդիր ունենան, զանգեն: Եղել են մարդիկ, որ տան համար գույք են առաջարկել: Նույնն էլ հարևանության մեջ. «Տղաս սրսկումի պետք ունեցավ, բոլոր հարևանները եկան, դուռս թակեցին և քանի բուժքույր ապահովեցին` մեկը մեկից փորձառու, բոլորը եկան շարվեցան: Անգամ բժիշկներուն կըսեին՝ հանկարծ երեխաների մոտ ռուսերեն բառեր չասեք, որ իրենց վատ չզգան, գրական կխոսեք: Իրենք մեր գործածած բառերեն կգործածեին»:
Ինչ վերաբերում է սիրիահայերի կողմից երբեմն հնչող բացասական տեսակետներին Հայաստանի ու հայաստանցիների վերաբերյալ, Շողիկը խնդրում է ըմբռնումով մոտենալ. «Ես լրիվ կհասկնամ իրենց: Կյանքում վաստակած ամեն բան անապահով ձգած, ձեռնունայն եկած ենք հոս: Հոս էլ ձեռնածալ նստած ենք: Ինչպե՞ս պիտի գոյատևենք, չգիտենք»:
Սիրիահայերին էլ խնդրում է վատ օրինակները չընդհանրացնել: «Հայաստանին մեջ երկուքն ալ տեսած եմ` թե՛ դրականը, թե՛ բացասականը, և իմ լեզուն կպապանձի, եթե չասեմ իրականությունը: Այո, մարդիկ եղան, որ փորձեցին շահագործել, բայց այդ մեկ-երկու հոգու համար ընդհանրացնելը մեղք է»:
Երեխաները հաճախում են նաև «Հայ ասպետ» կրթադաստիարակչական կենտրոն: Մի օր էլ, երբ Սերլիին տարել էին Գավառ` համերգի մասնակցելու, նա ոգևորված ասել է` «Կարին Տոնոյան, ա՛լ Հալեպը չեմ կարոտնար…»:
Չնայած այդ խոստովանությանը` Տոնոյանը լավ է հասկանում, որ սիրիահայ երեխաները ոչ միայն կարոտում են, այլև իրենց հայրենիքը համարում են նաև Սիրիան: Նա հարց է տալիս` արդյոք մենք այս ժամանակը ճի՞շտ ենք օգտագործում այդ երեխաներին իրենց իրական հայրենիքին ավելի մոտեցնելու համար:
Երեխայի կարոտի մասին է վկայում նաև մայրը. դասի ժամանակ Սերլիի մայրենիի ուսուցչուհի Գրետա Ասիլյանը, որին նա անչափ շատ է սիրում, ընթերցել է Թումանյանի բանաստեղծություններից մեկն ու արտասվել: Սերլին էլ է լաց եղել: Նա մորը պատմել է, որ չգիտի ուսուցչուհու արտասուքի պատճառը, սակայն ինքն արտասվել է «տունի կարոտի համար»:
Սերլին շատ է ուզում մնալ հայրենիքում, բայց նաև երազում է, որ իր տատիկը, պապիկը, իր տունը, գրքերը, խաղալիքներն էլ տեղափոխվեին Հայաստան:
Մոր երազանքը չի տարբերվում դստեր երազանքից. «Երանի թե ողջ գաղութը վերցնեինք, հոս գայինք…»:
Շողիկը ցավ է ապրում ամեն անգամ, երբ լսում է, որ մի սիրիահայ էլ Հայաստանից կամ Սիրիայից մեկնեց օտար երկիր: «Չեմ կարծեր, որ որևէ հայ ընտանիք կփափագի օտար ազգի որդիներու հետ, օտար մշակույթի մեջ ապրիլ: Մեր այնտեղի կյանքը շատ ծանր է, հոս հրամցված, սարքված, մրգի պես կըսեն` հրամմե, հայ ապրեր, հայ մեծցիր: Հոն որքա՜ն կպայքարենք հայ մնալու համար: Եվ եթե այսօր մենք այսպիսի հայ ենք, ապա Սփյուռքին ենք պարտական…»: