Տեսա՞ք, Ռուսաստանը հասավ իր նպատակին ու զորքերը մտցրեց Սիրիա, չնայած ԱՄՆ-ն դեմ էր, չնայած Օբաման ՄԱԿ-ի իր ելույթի մեծ մասը նվիրեց Ասադին բռնակալ անվանելու համար ու վերջում համաձայնեց Ռուսաստանին թույլ տալ օգնել Ասադին, առաջին հայացքից կմտածենք։ Բայց ամեն ինչ այդքան էլ այդպես չի, պարզապես ԱՄՆ-ն շատ խելոք խաղ խաղաց, հին խաղ, ինչպես երկրորդ աշխարհամարտի ժամանակ, երբ Բեռլինը գրավելու ամբողջ ծանրությունը թողեց ԽՍՀՄ-ի վրա ու Խորհրդային զորքերը անթույլատրելի քանակի կորուստներ ունեցան։
2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը փոխվեց։ ԱՄՆ-ն պատերազմի շունչը զգաց իր քթի տակ։ Ահաբեկչական ցանցային պատերազմը անհնար էր վերահսկել։ Դա տարածք չէր, որ ռմբակոծեր, ցամաքային զորքեր մտցներ մաքրեր դուրս գար։ Նոր պատերազմը հաղթելու համար անհրաժեշտ էր ինչ որ տեղ հավաքել ծայրահեղականներին։ Հենց այդ պատճառով ԱՄՆ-ն դաշնակից Թուրքիայի քավորությամբ ստեղծեց Իսլամական պետությունը, որը հետո սկսեց չենթարկվել Միացյալ Նահանգներին։
Իսլամական Պետությունը իրականում դարձավ հենց այն տարածքը, որը սպունգի նման իր վրա հավաքեց աշխարհի բոլոր ծայրահեղականներին։ Այսինքն ահաբեկչությունն իր տարածքն ունեցավ։ Այն, ինչը երազում էր Միացյալ Նահանգները։ Բայց ռմբակոծելը միանգամից կդառնար պրիմիտիվ հեփփի էնդ ու նաև անտանելի շատ ռեսուրսներ կծախսեր, դրա համար գտան ավելի լավ միջոց՝ ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու մեթոդը։
Ռուսաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, տարածաշրջանում հավակնություններ ունի, զորք ու զենք ունի՝ մի խոսքով ամենահարմար թեկնածուն Ռուսաստանն էր, որին ԱՄՆ-ն ներքաշեց պատերազմի մեջ ու ձեռքերը լվաց։
Հիմա ի՞նչ է ստացվում։ Միացյալ Նահանգները 15 տարի է պայքարում է ահաբեկչության դեմ, բայց իրական ահաբեկիչների դեմ կռվում են Ռուսական զորքերը։