Մի քանի օր է՝ հետևում եմ Էրեբունի-Երևան տոնակատարության շուրջ ծավալվող բանավեճերին: Այն, որ Էրեբունի-Երևան տոնակատարության համար ծախսվող գումարներն ավելի քան աննպատակ են, դա անցած տարի դեռ ասել եմ և առաջարկել եմ բնակարաններ գնել աղետի գոտու տնակներում ապրող մարդկանց համար:
Ինչևէ, քաղաքապետարանն այս անգամ էլ նախընտրեց տոնը, ու այլևս կարիք չկա նոր նախաձեռնություններ ու նոր ակցիաներ կազմակերպել, որ այդ գումարները փոխանցվեն սահմանամերձ գյուղեր, որովհետև ինչպես քաղաքապետարանն է ասում. «Ամեն ինչ արդեն արված է, գումարներն էլ բաժանված են»: Մնում է Քրիստինե Պեպելյանի պես մարդիկ իրենց հոնորարները՝ ստացված այդ տոնից, նվիրեն սահմանամերձ գյուղերին:
Այս բանավեճերն արդեն անցնում են անձնականի շեմը: Մարդիկ գիտակցաբար կամ անգիտակցաբար վիրավորում են դիմացիննյերին ու չեն ուզում ընդունեն, որ ոչ թե սեփական PR-ի համար է արվում այս ամենը, այլ սահմանամերձ գյուղերի գյուղացու հոգսը թեթևացնելու համար են մարդիկ դիմում քաղաքապետին (հույս ունեմ՝ մյուս տարի Տարոն Մարգարյանը կհիշի այս պատմությունները և նախապես կհայտարարի այդ գումարների բարեգործական կիրառության մասին):
Իմ կարծիքով՝ Անահիտ Բախշյանն այն եզակի քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում սիրում ու հարգում են բոլորը, ում գործողությունների մեջ PR ման չեն գալիս, ու ով լավ մանկավարժ է: Նրա մասին աշակերտները միայն դրականն են ասում: Հիմա որոշ մարդիկ Անահիտ Բախշյանին ասում են, որ նա PR է անում: Այդ որոշ մարդկանց կասեմ, որ դուք եք զբաղված պոպուլիզմով ու թացը չորից չեք տարբերում:
Չհասկացա, թե ինչու կպան Նազենի Հովհաննիսյանին: Չէր կարելի այդպիսի ագրեսիվությամբ անցնել անձնական դաշտը: Ոչ մեկ չանցավ անձնական դաշտ, երբ դիմում էին քաղաքապետարանին, բոլորի խոսքերում կամ կոչ էր, կամ խնդրանք, եթե դուք ունեք այլ կարծիք, փորձեք ձեր մտքերը շարադրել առանց անձնավորելու, սա միայն խորհուրդ է, ու հետո մի նեղվեք, որ անձնավորված արտահայտություններից հետո ձեր անձը նույնպես հիշում են: Ока за ока зуб за зуб. սա կյանքի անքակտելի օրենք է ու միշտ պետք է հիշել:
Թերևս այսքանը՝ այս տոնի հետ կապված:
Հ.Գ. ՀՀ 3-րդ հանրապետության անկախության օրն ավելի համեստ է նշվում, քան Երևան քաղաքի օրը: Իսկ ո՞ւր է լոգիկան: Երևանը սկսվում է սահմանապահ գյուղացու աշխատանքից, սա աքսիոմա է: