Մինչ ամեն օր լուրեր են գալիս սահմանում տիրող իրավիճակից, մինչ ողջ հայությունը շունչը պահած հետևում է, թե ինչ զարգացումներ են ընթանում հայ-ադրբեջանական հակամարտությունում և բովանդակ աշխարհում, մինչ մեր հանրությունը մի կերպ ապաքինվում է Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելու գույժից հետո, Մշակույթի նախարարությունն ինչպես միշտ զբաղված է հիմարություններով ու աննպատակ գործունեությամբ:

Զավեշտալին այն է, որ պատմության ամենահակամշակութային մշակույթի նախարարը չի էլ հասկանում, թե այս ամենի ֆոնին ինչ զավեշտալի ու նյարդայնացնող է տեսնել այդ դարակազմիկ լուրը, որ քննարկվելու է Հայաստանի ու Մադագասկարի մշակութային համագործակցությունը խորացնելու հարցը: Բուն լուրի անհեթեթության հետ կարող է մրցակցել միայն այդ որոշման հիմնավորման տեքստի անհեթեթությունը.

«Ըստ համաձայնագրի` մի պետության մշակույթը մյուսում ճանաչելի դարձնելու նպատակով կողմերը կխրախուսեն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Նախատեսվում են մշակույթի ոլորտում ցուցահանդեսային փոխանակումներ,  դերասանների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մշակույթի ոլորտի մասնագետների փոխանակումներ, գեղարվեստական միջոցառումների փոխանակումներ, ինչպես նաև գրքերի, ամսագրերի և մշակութային բնույթի այլ հրատարակությունների տարածում»։


Ինչպես տեսնում եք, մեր տիկին Հասմիկ Պողոսյանն աստիճանաբար կորցնում է ադեկվատությունն ու կապն իրականության հետ: Լուրջ մտավախություններ ունեմ, որ այս կապիկությունը մոգոնել են զուտ նրա համար, որովհետև տիկին նախարարի մտքին փչել ա այդ էկզոտիկ երկիր գործուղվել: Ամեն դեպքում, սկզբունքորեն ոչինչ չունենալով Մադագասկարի ու այնտեղի մշակույթի դեմ, որի մասին ոչինչ չեմ լսել երբեք, այնուամենայնիվ, ուզում եմ կոչ անել Հասմիկ Պողոսյանին դադարել զբաղվել հիմարություններով, ու եթե չի կարողանում որևէ օգտակար բանով զբաղվել, ապա թող գոնե վնաս չտա, իսկ Մադագասկարի հետ մշակույթ խորացնելու համար ծախսվելիք ամեն բյուջետային դրամը ես համարում եմ վնաս:

Դե իսկ եթե իդեալական հանգուցալուծումից խոսենք, ապա խիստ ցանկալի կլիներ մեկընդմիշտ արտաքսել Հասմիկ Պողոսյանին Մադագասկար ու օրենսդրորեն արգելել այս մշակութային պատուհասին երբևէ մոտենալ հայկական մշակույթին ու բարձր պետական պաշտոններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել