Մի քանի օր է՝ հասարակության ուշադրության ներքո է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Ադրբեջանական սադրանքներն ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս հանդիպեցին հայկական ուժերի համարժեք պատասխանին՝ կրելով մեծ կորուստներ:
Բնականաբար, տեղի ունեցածը հասարակական լայն քննարկումների և նախաձեռնությունների տեղիք պիտի տար: Այսպես, օրինակ, որոշ մարդիկ, ելնելով իրավիճակից, փորձում են ինքնակազմակերպվել և սեպտեմբերի 28-ին Ազատության հրապարակում ժամը 19:00-ին նախատեսում են հավաք, որի հիմնական նպատակն է քննարկել և հնարավորության սահմաններում օգնել սահմանում կանգնած զինվորներին:
«Տղեք ջան, շատ ենք քնում: Ով պատրաստ է, 15 օրով բարձրանանք դիրքեր՝ մեր հայրենակիցներին սատարելու. ով իրոք ցանկություն ունի միանալու, հրավիրում ենք քննարկելու ու պայմանավորվելու և ամսի 1-ին շարժվելու դեպի սահման և կանգնելու զինվորի կողքին»,-այս մասին ասված է «Շտապ հավաք» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Զինվորներին օգնության ձեռք մեկնելու համար իհարկե գնահատելի է նախաձեռնողականություն ցուցաբերելը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե որքանով օգնությունն ունի պահանջարկ, քանի որ հայկական բանակը գերազանցորեն կատարում է իր առջև ունեցած խնդիրը: Կարծում ենք՝ եթե բանակին օգնության հասնելու խնդիր լինի, ապա դրա մասին բոլորս էլ կտեղեկանանք:
Մյուս կողմից հատուկ կարևորություն ունի հավաքին մեծ թվով մարդկանց մասնակցությունը, քանի որ այն դեպքում, երբ հավաքը բավականին ուշադրության չարժանանա, և մասնակցեն միայն հաշված թվով քաղաքացիներ, ապա կստացվի այնպես, որ «մի տասը հերոսներ մեկնում են դիքեր՝ պատմության անիվը շրջելու»: