Ինչպես ակնկալվում էր, ադրբեջանական կողմի սադրանքներն անպատասխան չեն մնալու և արժանանալու են համարժեք կոշտ պատասխանի, որի հետևանքները շատ դառնագին կլինեն Ադրբեջանի համար: 
Այսօր ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, հղում կատարելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը (ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին), հավաստիացրել է, որ հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը:
Այս հաղորդագրությունը բավականին լուրջ ազդանշան է առ այն, որ ադրբեջանական կողմի փորձերը, սահմանային լարվածություններ ստեղծելու եղանակով ազդելու բանակցային գործընթացների վրա, դատապարտված են տապալման և արժանանալու են ոչ միայն միջազգային հանրության կոշտ արձագանքին, այլև հայկական զինված ուժերի համարժեք պատասխանին, որը կլինի համարժեք և կորստաբեր ադրբեջանական կողմի համար: 
Հ.Գ. Ոչինչ երբեք անպատասխան չի մնալու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել