Խորքային վերլուծություններ անելու կարիք չկա հասկանալու համար, որ ՀԱԿ-ն այսօր ավելի քան երբևէ պառակտված է, և էդ պառակտման գործընթացը մեկնարկել է դեռևս 2012-ին՝ ԲՀԿ-ի հետ մտերմանալու պատճառով, որի արդյունքում մի շարք գործիչներ՝ սկսած Տեր-Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանից, վերջացրած Վազգեն Սարգսյանի եղբորով, լքեցին կուսակցությունը: Այս տարիների ընթացքում ՀԱԿ-ին անդամակցությունը դադարեցրեցին բազմաթիվ կուսակցություններ ու գործիչներ, որոնք բավականին լուրջ կշիռ ունեին քաղաքական դաշտում:
ՀԱԿ-ի պառակտվածության թիվ 1 ցուցանիշն էդ կուսակցության 7 հոգանոց խմբակցության 3 անդամների կողմից սեփական օրակարգով աշխատելն ու կուսակցության քաղաքական կուրսին չհետևելն է: Ամենաթարմ օրինակը, թերևս, Լյուդմիլա Սարգսյանի կողմից իրեն ԱԺ գործուղած կուսակցության դիրքորոշումն արհամարհելն էր:
ՀԱԿ-ի պառակտվածության լավագույն վկայությունը կուսակցության նոսրացած շարքերն ու քաղաքացիական նախաձեռնությունների շվաքի տակ հանրահավաքին հարթակներ բարձրանալն է: Մարտի 1-ի իր ելույթում, բացի անհամ հումորներից, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ընթացքում հանրահավաքներ չեն լինի: Էդ միջոցառումներից արդեն 4 ամիս է անցել, բայց ՀԱԿ-ի կողմից կազմակերպված որևէ հավաք այդպես էլ չեղավ, իսկ պատճառը ռեսուրսի բացակայությունն է՝ թե՛ նյութական, թե՛ մարդկային:
ՀԱԿ-ի պառակտվածության լավագույն ցուցանիշներից է նաև Տեր-Պետորսյանի՝ ձախողման դատապարտված քաղաքագիտական վերլուծությունը, հայկական Իվանաշվիլու մասին դատարկ դատողություններն ու չհաշվարկված քաղաքական կուրսը, որը մինչև վերջին կաթիլը քամեց ՀԱԿ կոչված քաղաքական ուժի ռեսուրսը:
Ու հիմա, երբ Զուրաբյանը պնդում է, թե իրենց խմբակցությունն ամուր է, պինդ է, արդյունավետ որոշումներ է ընդունում, հասարակությունն այդ հայտարարությանը նույնքան «լուրջ» է վերաբերվում, որքան շուրջ տասը տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու ու իշխանության խուճապի մասին սույն քաղաքական գործչի՝ բոլորին ձանձրացրած ելույթներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել