Անկախության տոնին հայ ժողովրդի՝ թեկուզ մեծ զրկանքների գնով անկախություն ունենալու իրականությունը, անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումներն իրականություն դարձնելու և այն առարկայորեն տեսնելու, արժևորելու հակումը, այդ առիթով, կրկնում եմ, թեկուզ մեզանում տեղ գտած բազում դժվարությունների ֆոնին էլի տոնական էր, ու շատ բնական է: Նշանակում է՝ դեռ չի սպառվել ավելի լավ երկիր, ավելի օրինապաշտ պետություն, ավելի հզոր հայրենիք ունենալու դարավոր երազանքը: Ու եթե կա հույսը, նշանակում է՝ կհասնենք նրան, ինչն այդքան նվիրական ենք համարել, համարում ու համարելու ենք: Նույնիսկ շատերն այդ ճանապարհին մեծահոգաբար հիշում և նշում էին ՀՀ առաջին նախագահի դերը, ավանդն այդ գործում: Բայց արի ու տես, որ ի հեճուկս շատ շատերի՝ անցյալի «մոռացումների» ու առաջին նախագահ լինելու փաստը հարգանքի արժանացնելու ֆոնին նույն առաջին նախագահն անդրադառնում է ավելի նեղ մասի, իր այսպես կոչված թիմակիցների՝ իր խոսքերով «անխոնջ պահվածք»-ի մասին:
Նորից «հին օրերի երգը» նորովի, այս անգամ իբր 2007-ին ստեղծված ՀԱԿ-ի համար «հորինված»:
Լավ, ենթադրենք՝ դրանով մոռացանք, որ ՀՀՇ է եղել, որ ՀԱԿ կոչվածը լրիվ այլ ուժ է, որ առաջնորդի գոյությամբ պայմանավորված չէ, որ ամենանվիրյալներն իր շրջապատում են... Բայց կարելի՞ է արդյոք այնքան «անկեղծ» լինել վաղեմի սովորությանը համաձայն, որ իր խոսքերով «ես պիտի գնահատեմ Ստեփան Դեմիրճյանի և ՀԺԿ-ի դերը մեր պայքարում և հատուկ նշել, որ ես Ստեփան Դեմիրճյանին համարում եմ մեր ամենապարկեշտ, կոռեկտ գործընկերը»:
Պարկեշտության ու կոռեկտության հարցում կարծեմ ոչ ոք էլ անհամաձայնություն չի կարող ունենալ, բայց արդյո՞ք գործընկեր բառն ինչ-որ իմաստով չի ասոցացվում քաղաքական գործընկեր հասկացության հետ, և եթե այո, ապա իրո՞ք ՀՀ առաջին նախագահն ազնվորեն է արտահայտվում այդ մասին:
Լավ, քանի որ խոսք գնաց ազնվության մասին, ապա ավելի ազնիվ կլիներ ասել, որ մեր կյանքում տեղ գտած տնտեսական, սոցիալական, իրավական և այլ կարգի դժվարությունների ու անարդարությունների մեջ դեռ միջին ու ավագ սերունդը հայացք է ձգում անցյալին, խորհրդային տարիներին ու համեմատությունների մեջ նշում նախորդի՝ հատկապես վերջին տարիների առավելությունները, ու քանի կա այդ սերունդը, ապա մեր այժմյան դժվար կյանքը համեմատելու է նախկին ավելի հեշտ ու մի տեսակ անհոգ կյանքին, որը ծնունդ էր նաև անտեղյակության, և, ի՞նչ խոսք, խորհրդային հայաստանյան վերջին տարիներն էլ միանշանակ պայմանավորում է նաև կամ հատկապես Կարեն Դեմիրճյանի ղեկավարման հանգամանքով:
Հ.Գ. Պարզապես ավելի ազնիվ կլինի ասել, որ դեռ կա ԴԵՄԻՐՃՅԱՆ ազգանունը շահարկելու հեռահար նպատակ, և հարգարժան Ստեփան Դեմիրճյանն ուղղակի միջոց է այդ ճանապարհին, և նրան դեռ պետք է իր կողքին պահել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/884489741642222?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել