Մինչ ողջ համացանցը բուռն քննարկում է Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչմանն արժանի լինել-չլինելը, ես փոխարենն ուզում եմ կենտրոնանալ մեկ այլ մարդու վրա, ով երեկ վերջապես արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Չեմ ուզում գերագնահատել կամ թերագնահատել որևէ մեկի ավանդը, բայց, իմ կարծիքով, դժվար է մեր մշակութային ոլորտում գտնել երկրորդ այդպիսի արտիստի, ով, այդքան արժանի լինելով այս պատվավոր կոչմանը, մինչև երեկ չուներ այն: Խոսքն, իհարկե, Միքայել Պողոսյանի մասին է:
Երբեք չեմ դադարել հիանալ նրա արվեստով: Ու իրոք, ես դժվարանում եմ նշել մեկ այլ արտիստի, ով այդքան բազմապրոֆիլ, բազմատաղանդ և ունիվերսալ լինի, որքան Միքայելն է, ընդ որում՝ տաղանդավոր լինելուց զատ՝ կարողանա իրեն հաջողությամբ ներկայացնել տարբեր ժանրերում ու ամպլուաներում: Կարծում եմ՝ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Միքայել Պողոսյանն իրապես համաժողովրդական փառք ու հռչակ վաստակեց 1997 թվականին՝ շնորհիվ «Խաթաբալադայի», թեև մինչև այդ էլ բավականին ճանաչված էր թատրոնի սիրահարների շրջանում: Ինձ համար մինչև հիմա էլ «Խաթաբալադայի» նրա դերը հանճարեղ գլուխգործոց է, քանի որ չեմ հիշում որևէ այլ արդի կամ թեկուզ դասական ներկայացում, որտեղ մեկ դերասանը կարողանար այդքան սուր ու այդքան դիպուկ մարմնավորել շարքային հայի հոգսերը, երազանքները, արատներն ու հոգեվիճակը:
Սակայն պետք չէ մտածել, որ Միքայել Պողոսյանի տաղանդավոր ուղին սկսվել է «Խաթաբալադայով» կամ էլ ավարտվել է դրանով: Ի վերջո, չմոռանանք, որ նա, լինելով մեր մշակույթի ոլորտի այն սակավաթիվ ներկայացուցիչներից, ով հենց մասնագիտական կրթությամբ է երաժշտական թատրոնի դերասան, դեռ հեռավոր 1976 թվականից աշխատել է թատրոնի ու կինոյի ոլորտներում՝ դերեր մարմնավորելով Կամերային, Դրամատիկական և Համազգային թատրոնների բեմերում ու նկարահանվելով Հայֆիլմի կինոնկարներում:
Արդեն այսքանն առավել քան բավարար էր ժողովրդական արտիստի կոչում ստանալու համար, առավել ևս, որ դեռ 2007 թվականին Միքայել Պողոսյանն արժանացել էր վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը, բայց Միքայել Պողոսյանը չէր լինի Միքայել Պողոսյան, եթե իր՝ արդեն 40 տարի ձգվող կարիերային և ինքնաիրացման ճանապարհին այսքանով բավարարվեր:
Ինչպես նշեցի՝ «Խաթաբալադայով» Միքայել Պողոսյանի փայլուն կարիերան ո՛չ սկսվել է, ո՛չ ավարտվել, ո՛չ էլ անգամ դադարել վերելք ապրել: 1997 թվականից հետո մենք տեսնում ենք նոր Միքայել Պողոսյանի, ում կարելի է «մարդ-նվագախումբ» անվանել, քանի որ վերջին 18 տարիների ընթացքում Միքայել Պողոսյանը բեղուն գործունեություն ծավալեց թե՛ որպես դերասան, թե՛ որպես ռեժիսոր, թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես սցենարիստ և թե՛ որպես երգիչ: Ի դեպ, գիտեի՞ք, որ 2000 թվականին անցկացված «Սայաթ-Նովա» մրցանակաբաշխությունում նա արժանացել է 1-ին մրցանակին, իսկ 2004 թվականի «Armenian Music Awards» մրցանակաբաշխությունում վաստակել է «Լավագույն սկավառակ» մրցանակը: Այնպես որ, չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ Միքայել Պողոսյանը ներկայումս հայաստանյան միակ արտիստն է, ով, լինելով հաջողակ ու տաղանդավոր դերսան, ոչ պակաս հաջողակ ու տաղանդավոր է երգարվեստում, ընդ որում՝ գործնականում:
Առանձին կցանկանայի սևեռվել վերջին տարիներին էկրաններ բարձրացած երկու կինոնկարների վրա, որոնց ստեղծման ու հաջողության հարցերում անգնահատելի է Միքայել Պողոսյանի ավանդը: «Welcome papa» (2009թ.) և «Եթե բոլորը…» (2011թ.) ֆիլմերը թարմ շունչ էին մեր կինոարտադրությունում և միևնույն ժամանակ՝ հաջողակ ու հաճելի ֆիլմեր, որոնք կարելի է մի քանի անգամ նայելուց հետո էլ կրկին նայել, ու այսպիսի ֆիլմերի կարիք մենք շատ ունենք:
Կարելի է մի ամբողջ հատոր գրել՝ թվարկելով ու նկարագրելով Միքայել Պողոսյանի աշխատանքներն ու արժանիքները: Կարծում եմ, որ մի օր այդպիսի հատոր կամ անգամ հատորյակ կլինի ապագայում: Ի վերջո, ժամանակակիցները հազվադեպ են կարողանում ըստ արժանվույն գնահատել հանճարներին, և դա մնում է գալիք սերունդներին, իսկ գրածս կսահմանափակեմ Միքայել Պողոսյանին ուղղված ջերմագին շնորհավորանքներով՝ ՀՀ ժողովրդական արիստի կոչմանն արժանանալու առթիվ: Ապրեք ու շարունակեք կերտել, վարպե՛տ: