Էլթոն Մեյոյը, թե Անրի Ֆայոլը, լավ չեմ հիշում, արտադրողականության մասին աշխատության մեջ մի հետաքրքիր եզրահանգման է եկել, որ աշխատանքի արտադրողականությունը կարող է ընկնել նաև սխալ մոտիվացիայի պատճառով, օրինակ, երբ աշխատողը զգա, որ ինքը չգնահատված է, անուշադրության մատնված, անտեսված և այլն: Այս պարագայում առաջարկում են կիրառել բլիթի և մտրակի մեթոդը, այսինքն՝ խրախուսել, ոգևորել, իսկ սխալների դեպքում կիրառել տույժ և տուգանք: Անցնենք հիմա բուն թեմային. երեկ մարդիկ կային, ում «վաստակավորի» կոչում տալը, մեղմ ասած, ոչ մի տեսանկյունից շահավետ չէր ոչ մի կողմին: Այդ մարդիկ այնքան ապահովված են և ինտելեկտուալ այնպիսի մակարդակի վրա էին, որ իրենց բացարձակ հետաքրքիր չէր և առանձնապես չէր էլ ոգևորելու այդ կոչումը կամ մեդալը:
Բայց կային բազմաթիվ արվեստի գործիչներ, ովքեր արդեն 25 տարուց ավել աշխատում են ֆինանսական շատ սուղ միջոցներով և մեծ կարիք ունեին ուշադրության արժանի և գնահատված լինելու: Դուք չեք պատկերացնի՝ այդ մեդալը կամ կոչումն ինչպիսի ոգևորություն կառաջացներ, ինչպես կխթաներ նրանց ստեղծագործական գործունեության ծավալմանը, և ամեն ինչ կլիներ ճիշտ. մեծ գումարները, նրանց կոչումները արժանաբարոներին, այս պարագայում, կարելի է ասել, և՛ գայլերը կուշտ կլինեին, և՛ գառները՝ ամբողջական: Կամ Աստվածաշնչի մեջ մի հիանալի տող կա՝ կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն:
Մի խոսքով, բան չեմ հասկանում, ինձ թվում է՝ ՀՀ նախագահի իմիջմեյքերին պիտի հեռացնել գործից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել