«Աջարիայում անցկացրած հետազոտություններից մեկի ընթացքում զրուցում էինք մի տարեց մուսուլման վրացու հետ, և նա մի հետաքրքիր պատմություն պատմեց: Նա ասաց, որ այն ժամանակ, երբ Աջարիան թուրքական տիրապետության տակ էր, թյուրքերը վրացիներին կանգնեցրել էին փաստի առաջ. նրանք պիտի կողմնորոշվեին` կա՛մ պիտի լեզուն փոխեին, կա՛մ կրոնը: Նրանք, ովքեր փոխեցին լեզուն, տարիների ընթացքում վերածվեցին քրիստոնյա թուրքերի, քանի որ սերունդներն այլևս վրացերեն չէին խոսում, ու շատ արագ ձուլվեցին: Իսկ այն մասը, որ փոխեց կրոնը, սակայն հավատարիմ մնաց լեզվին, շարունակեց գոյատևել որպես մահմեդական, բայց ՎՐԱՑԻ…»:

Ողջո՜ւյն սոցցանցերում մաքրամաքուր տրանսլիտով հայերեն գրող հասարակություն: Այսօր Քաղաքը խոսում է հայոց լեզվով… Իսկ ավելի ճիշտ` ցանկանում ենք վեր հանել ու քննարկել մի խնդիր, որին առնչվում ենք ամեն օր ու յուրաքանչյուր քայլափոխի` «Հայ մարդու խոսքը»: Կարծում եմ՝ յուրաքանչյուրդ էլ առիթ եք ունեցել նյարդայնանալու հայ դեռահասների աղավաղված «կրուտոյ» բառապաշարից, հատկապես առավել նյարդայնացնող է որոշ հայուհիների հակահիգիենիկ ու պապենական անեծքի արժանի ժարգոնը, ովքեր ժամանակակից ու անկախ երևալու համար չեն զլանում հնարավորինս աղավաղել սեփական մայրենին: Նյարդայնացնող է նաև «ռուսսկոյե շկոլե սկանչալսյա» մասսան, իհարկե խոսքը չի վերաբերում իրական ռուսախոսներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով դժվարանում են հայերեն խոսել, այլ այն քաղքենիներին, ովքեր ինտելիգենտ երևալու համար հայ խոսքը մերթընդմերթ «համեմում են» «ռուսկախոս» բառերով: Շտապենք ևս մեկ երևույթի մասին խոսել. «դաուն-թաունում» «քաֆե բրիք» անող «OK-ականները»: Այստեղ արդեն բախվում ենք արևմուտքի հզոր PR-տեխնոլոգիաների հաղթական ազդեցությանն ու գլոբալիզացիայի տրամաբանական արդյունքին…
Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, արդյո՞ք մենք` հնդեվրոպական լեզուների նախամայր հանդիսացող հայերենի լեզվակիրներս, իրավունք ունենք այդպես վարվել մեր մեծագույն ժառանգության հետ, արդյո՞ք ճիշտ են մեր երկրի տարբեր անկյուններում օտարալեզու պաստառները, մեր պաշտոնյաների օտարալեզու հանդիպումները, հայրենական հեռուստաալիքներով հեռարձակվող օտարալեզու` հիմնականում ռուսերեն ֆիլմերն ու ծրագրերը, գովազդները… Ո՞վ, եթե ոչ մեզանից յուրաքանչյուրը պիտի հոգ տանի ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի աշխարհի հնագույն լեզուներից մեկին, որի կրողը լինելու պատիվն ընձեռնվել է հենց մեզ… Փորձենք քննարկել ու առաջարկել լուծումներ: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել