A1plus.am-ը գրում է.
Հայ ժողովուրդը երբեք չի կորցնելու իր անկախությունը. Համոզված է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր -Պետրոսյանը։
«Այո, կա հիմա, ինչպես կլասիկն է ասել, գաղջ մթնոլորտ, բայց գաղջը շուտով կցնդի։ Ես այստեղ էլ ոչ մի կասկած չունեմ, որ այս ավազակաբարո իշխանությունը հեռանալու է, վաղ թե ուշ։ Իհարկե, որքան շուտ, այնքան լավ կլիներ այս ժողովրդի համար, բայց դա տեղի է ունենալու, թող ոչ ոք չկասկածի»,- այսօր ՀԱԿ գրասենյակում կազմակերպված տոնական ընդունելությանը հայտարարեց առաջին նախագահը։
Նա չէր ցանկանում խոսել Սահմանադրական բարեփոխումներից՝ նշելով, որ դրանք չարեփոխումներ են։ Հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ Սահմանադրական բարեփոխումներից։
«Ես գիտեմ, ինձնից նաեւ ուրիշ խոսք էիք սպասում, որովհետեւ Հայաստանում տեղի է ունենում մի կարեւորագույն իրադարձություն։ Դա սահմանադրությունը փոխելու փորձն է, որի մասին վերջին շրջանում ես գոնե չեմ խոսել, ինչու չեմ խոսել, որովհետեւ գտնում եմ, որ իմ ընկերները այդ գործը փայլուն անում են խորհրդարանում»,- ասաց ՀԱԿ առաջնորդը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի փայլուն աշխատանքը խորհրդարանում։
«Այս սահմանադրական ավանտյուրայի դեմ պայքարում հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի անխոնջ պահվածքը եւ ընդգծել նաեւ Ստեփան Դեմիրճյանի հստակ, խիզախ դիրքորոշումը այս հարցում»,- ավելացրեց նա։
Առաջին նախագահը ընդգծեց, որ այժմ տեղի է ունենում Սահմանադրական փոփոխություններ, այլ ոչ՝ բարեփոխումներ։
«Դնում են մեր նախկին Սահմանադրությունը մի կողմ, նոր Սահմանադրություն են ընդունում, թող չկեղծեն։ Սա նոր սահմանադրություն է, որը քանդում է պետության հիմքերը»,- եզրափակեց նա։