Araratnews.am-ը գրում է.
Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ: Իր ելույթից հետո նա պատասխանեց ուսանողների հարցերին, իսկ միջոցառման վերջում տեղի ունեցան պարգեւատրումներ։ Հատկապես ուշագրավ է, որ պարգեւատրվողների թվում էր բուհի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը. նա պարգևատրվեց «Վազգեն Սարգսյան» մեդալով: Նա առավելապես հայտնի է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության ժամանակ լրագրողների նկատմամբ ցուցաբերած վատ վարքով: Ընդ որում այս անգամ էլ լրագրողները զերծ չմնացին այդ բուհի ուսխորհրդի նման վերաբերմունքից. երբ լրագրողները ցանկանում էին մոտենալ նախարարին՝ նրանք սկսեցին հրել լրագրողներին եւ նրանց առջև դուռը փակել՝ հնարավորություն չտալով մոտենալ Սեյրան Օհանյանին
Սակայն լրագրողները, այնուամենայնիվ, կարողացան որոշ հարցեր ուղղել նախարարին՝ պարզելու համար, թե ինչու է պարգեւատրվել Սեւակ Խաչատրյանը, ով հայտնի է իր անցյալով եւ անգամ չի ծառայել ՀՀ ԶՈՒ շարքերում, ինչին Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այսօրվա բոլոր պարգևատրումները համապատասխան աշխատանքի համար են տրվել` բանակ-հասարակություն կապի, բանակ-ուսումնական հաստատություններ կապի շրջանակներում, նաև` ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ներդրում ունենալու համար: Ինչ նրանք նախկինում են կատարել՝ չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ: Այն պարգևատրումները, որոնք ես կատարում եմ, մանրամասն նայում եմ, նոր հետո հրամանները ստորագրում»՝ հավելելով, որ Հայաստանում որևէ մեկը չի կարող անօրեն կերպով ազատվել ծառայությունից, և այն քաղաքացիները, ովքեր թեկնածուական են պաշտպանել, օրենքով են ազատվում զինվորական ծառայությունից: