Հայաստանից միանգամայն հանգիստ ու անվտանգ, կնոջ ու երեխայի հետ Ադրբեջան մեկնած Վահան Մարտիրոսյանը երեկ Բաքվում ասուլիս է տվել: 
Բնականաբար լիուբոլ վայրահաչել է Հայաստանի ու հայերի հասցեին: Մենք սկզբունքորեն նրա ասածներից ոչինչ չենք մեջբերի: Ամեն դուրսպրծուկի ասածները տիրաժավորելու կարիք, կարծում ենք, չկա: 

Տվյալ դեպքում ինքնին հասկանալի է՝ էականը ոչ այնքան այն է, թե ինչ դուրս կտա Վահան Մարտիրոսյանը, այլ փաստն ինքնին, որ ոմն մեկը հասցրել է Հայաստանում դրսևորվել որպես «քաղաքացիական ակտիվիստ», այս կամ այն կերպ հայտնվել հանրային ուշադրության ենթակա դաշտում, ապա ընտանյոք ու առոք-փառոք մեկնել է մեր պետության հանդեպ թշնամաբար տրամադրված երկիր և այժմ հակառակորդի կողմից օգտագործվում է քարոզչական ու նաև արտաքին քաղաքական նկատառումներով:
Դավաճանների վերջնական ճակատագիրը հանրահայտ է. Վահան Մարտիրոսյանին կօգտագործեն, հետո դեն կնետեն, երբ այլևս որևէ կերպ անհրաժեշտ չլինի ադրբեջանական հատուկ ծառայություններին ու քարոզչամեքենային: 
Երեկ, ի դեպ, հայկական լրատվական տիրույթում գործող մի քանի կայքեր, կարելի է ասել՝ օնլայն լուսաբանում էին Վահան Մարտիրոսյանի ասուլիսը: Հասկանալի է, իհարկե, որ մեր ինտերնետացված ժամանակներում, առավել ևս՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու ազատության հայաստանյան պայմաններում յուրաքանչյուր ոք, ում դա հետաքրքիր էր, առանց այդ «միջնորդական ջանքերի» էլ կարող էր գտնել ադրբեջանական որևէ կայք ու հետևել տվյալ սուբյեկտի ասուլիսին: 
Բայց ամեն դեպքում հարց է. իսկ մի՞թե կարիք կար, որ հայաստանյան լրատվամիջոցները կամա թե ակամա «ձեռք մեկնեին» ադրբեջանական քարոզչամիջոցներին՝ Վահան Մարտիրոսյանի ասածները տիրաժավորելու, տարածելու հարցում: Լավ, ո՞ւմ հասկանալի չէ, թե ի՛նչ է «դայլայլելու» մեկը, որ կամովին գնացել ու ապաստան է խնդրել ադրբեջանական իշխանություններից: 
Ի դեպ, Վ.Մարտիրոսյանի այդ ուղևորության հետ կապված՝ երեկ հավելյալ մանրամասներ ի հայտ եկան: Մասնավորապես panorama.am-ին ոստիկանության տված պարզաբանման համաձայն՝ Վահան Մարտիրոսյանը, հասկանալի է՝ կնոջ ու երեխայի հետ, ՀՀ պետական սահմանը հատել է սեպտեմբերի 4-ին՝ ժամը 00:46-ին, Բագրատաշենի սահմանային անցակետով: 
Այստեղ ամենից ուշագրավն այն է, որ Վահան Մարտիրոսյանն այդ պահին առնչվում էր իրեն, կնոջն ու երեխային ապաստան տրամադրած տարեց դասախոսուհու բնակարանից խոշոր չափի գումար, նաև՝ ոսկեղեն հափշտակելու փաստով իրականացվող քննությանը, ավելին՝ նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառված: 
Համենայն դեպս, տարածված պարզաբանման համաձայն, «սեպտեմբերի 2-ին Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Վահան Մարտիրոսյանի կինը` Կարինե Գասպարյանը, իսկ նույն օրը՝ ժամը 17:30-ին, քննիչի կողմից տրված՝ Վահան Մարտիրոսյանին որպես վկա բերման ենթարկելու որոշման համաձայն՝ նա բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և ներկայացվել քննության, որտեղ նույն օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, սակայն դրա մասին քննչական բաժնից տեղյակ չի պահվել ոստիկանության Արաբկիրի բաժին»:
Շատ հնարավոր է, որ պարզապես անփութություն է, որ տեղյակ չի պահվել: Այսինքն՝ ինչ-որ մեկը ինչ-որ տեղ մատների արանքով է նայել իր անմիջական պարտականությունների կատարմանը: 
Մյուս կողմից՝ ստացվում է, որ բնակավայրից չհեռանալու ստորագրությունը, որպես խափանման միջոց, միանգամայն պայմանական ու ձևական բան է: Կարելի է ստորագրել ու մեկնել շուրջերկրյա ճամփորդության: Վահան Մարտիրոսյանը, համենայն դեպս, ընտանյոք մեկնել է Ադրբեջան՝ Վրաստանի տարածքով: 
Բայց, ինչ էլ ասվի, գոնե պարզ տրամաբանության առումով էլի անհասկանալի է, ոստիկանությունը գտնում է մեկին (այս դեպքում՝ երկուսին), ներկայացնում քննության, ներկայացվածների նկատմամբ կիրառվում է խափանման միջոց, սակայն դրա մասին նույն ոստիկաններին ոչինչ չեն ասում: Դե, նա էլ ճողոպրում է: 
Որոշակի հարցեր են ծագում նաև Վահան Մարտիրոսյանի հոգեկան անհավասարակշիռ վիճակին վերաբերող և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների հետ կապված: Համենայն դեպս տարբեր մարդիկ, ովքեր նշում են, որ առիթ ունեցել են շփվելու տվյալ սուբյեկտի հետ կամ անգամ ճանաչում են նրան, ընդգծում են, որ Վ.Մարտիրոսյանը հոգեկան շեղումներ է ունեցել: 
Չգիտենք, չենք ճանաչել, չենք շփվել: Բայց հարց է ծագում. հարգելինե՛րս, եթե ճանաչում էիք այդ անձնավորությանը, գիտեիք, որ ունի հոգեկան կոնկրետ շեղումներ, ապա ինչո՞ւ այդ մասին ոչինչ չէիք ասում, երբ նա ինչ-որ շարժում էր նախաձեռնել, երբ որ նա ինչ-որ հասարակական գործունեություն էր ծավալել, երբ որ իր և կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտարարություններ էր անում:
Չէ՞ որ այդ ամբողջ ընթացքում ոչ մեկը ոչինչ չէր ասում, թե՝ «ախր, ժողովուրդ ջան, էս մարդը հոգեկան է, ինչո՞ւ եք իրեն լսում»: 
Անկեղծ ասած, Վահան Մարտիրոսյանն ու նրա հետագա ճակատագիրը տողերիս հեղինակին չեն հուզում: Թեկուզ շանսատակ անեն, թեկուզ Ադրբեջանի հերոսի կոչում տան: Իսկ այն, որ ամեն կարգի կասկածելի մեկը կարող է մեկ-երկու՝ և հանրային կամ գոնե «լրահոսային» դեմք հռչակվել, ինչ-ինչ գործունեություն ծավալել, ապա «իքս» հարմար պահին ճողոպրել Ադրբեջան կամ կատարել այդ երկրի հատուկ ծառայությունների որևէ հանձնարարություն, կարծում ենք, իսկապես մտահոգիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել