Շաբաթվա սկիզբը հատկապես հայ հասարակության պուտինասեր հատվածի սրտով էր: Վերջիններիս տրամադրությունն իր գագաթնակետին հասավ, երբ ՌԴ ԿԸՀ-ն հրապարակեց Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց «խորահարգարժան» Վլադիմիր Վլադիմիրովիչը ստացել էր քաղաքացիների ձայների 63,6 տոկոսը: Սկսեցին Պո՜ւտին, Պո՜ւտին վանկարկումներն ու շնորհավորանքները: Իսկ Պուտինից զզված հակառուսամետ հայ զանգվածի մոտ խորը հիասթափություն էր, եթե չասեմ դեպրեսիա: Բայց այն ինչ պետք է կատարվեր երեկոյան նույնիսկ նրանց անտարբեր չկարողացավ թողնել: Պուտինն ու Մեդվեդևը հարթակից շփվում էին ընտրողների հետ, տեղում վերամբարձ խոսքեր ու ապագայի մասին գռանդիոզ պլաններ գծում… Ու հանկարծ օպերատորները ֆիքսում են Պուտինի արցունքները, ով թվում էր, թե չափից շատ է հուզվել կրկին նախագահ դառնալու փաստից: Մինչ ակտիվ քննարկումներ էին ծավալվում, թե այդ ինչպե՞ս էմոցիաներից զուրկ ԿԳԲ-ականի նյարդերը տեղի տվեցին, Պուտինի մամուլի ծառայությունը շտապեց տեղեկացնել, որ կոկորդիլոսի արցունքներն ընդամենը քամու պատճառով էին: Ռոմանտիկան լրիվ փչացավ:
Ընտրությունների թեմատիկան շարունակեց նորահայտ բլոգեր Գագիկ Թերլեմեզյանն իր՝ Օպոզիցիայի վաղվա բողոքի թեման գրառմամբ, որում նշում էր, որ 14 հայկական հեռուստաընկեություններ սահմանել են քաղաքական գովազդի գները: Գագիկը պնդում էր, որ ընդդիմությունն աղմուկ կբարձրացնի և կսկսի բողոքել նախորդ տարիների համեմատ հեռուստաընկերությունների սահմանած զգալիորեն բարձր գներից: Ճիշտ է, բողոքի ձայներ շաբաթվա ընթացքում առանձնապես չլսեցինք, բայց, կարծում եմ, օպոզիցիայի գալիք հանրահավաքներում այս մասին դեռ առիթ կունենանք լսելու:
Բուռն քննարկումների հաջորդ թեման ապահովեց մեր արևմտյան հարևանը, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիայում հիթ է դարձել հայերին վիրավորող երգը: Բլոգեր Գևորգ Պետրոսյանն իր թուրքագիտական բլոգում գրում էր, որ Թուրքիայում նորից սկսել է ուշադրության կենտրոնում հայտնվել հայերի հասցեին վիրավորանքներ պարունակող երգը` «Աշխարհը թող լսի» անունով: Երգը ձայնագրվել է դեռ 2009 թվականին: Սակայն վերջին զարգացումներից հետո այն «երկրորդ շունչն» է առնում թուրք ազգայնամոլների շրջանում: Սկսվեցին հայ բլոգերների բուռն մեկնաբանություններն այս թեմայով: Հատկապես ակտիվ էին նրանք, ովքեր իսկզբանե դեմ էին հարևանի հետ որևէ հարաբերություն սկսելուն:
Բլոգոլորտի ցնցման հաջորդ պատճառը Ամենայն հայոց օլիգարխ Սամվել Ալեքսանյանն էր: Բնապահպանների ու Պրոսպեկտի շուկայի համար պայքարող ակտիվիստների համար իրական սառը ցնցուղ էր, երբ հայտնի դարձավ, որ շուկայում անօրինական շինարարություն ծավալելու համար վերջինս պատժվել է ոչ ավել ոչ պակաս 200.000 դրամ տուգանքով: «Թալանեցին, Ալեքսանյանի փողերը տարան»,- այս նորությանն այսպես հեգնեց հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:
Ապա բոլորին շոկի ենթարկեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի անակնկալ անկեղծացումը, երբ նա հայտարարեց, որ ճարտարապետների միության շենքը կիրակի օրերին տրամադրվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից աղանդ համարվող «Աստծո օթևան» կրոնական կազմակերպությանը՝ քարոզչական հավաքների համար: Դե բարև Ձեզ, պրն Մինասյան: Աղանդների բարգավաճման համար նման արտոնյալ պայմաններ երևի ոչ մի երկրում ստեղծված չեն: Ու հետո չհարցնեք, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մի թիզ Հայաստանում 350.000 աղանդավոր կա:
Շաբաթվա հաջորդ նորությունը ազգային ավիափոխադրողից էր: Սկզբում նրան պարտքերի պատճառով արգելեցին մուտք գործել ՌԴ օդային տարածք, ապա «Արմավիան» սկսեց բողոքել Զվարթնոցի սպասարկման բարձր գներից: Այդ բողոքները սկզբում գործադուլի, հետո նաև ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հայտարարության տեսքով էին. «Եթե Զվարթնոցը սպասարկման գները չիջեցնի 25 տոկոսով, ընկերությունն իրեն սնանկ կհայտարարի»: Գտե՞լ է Բաղդասարովը գնորդ, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ, բայց, որ «Արմավիան» առաջիկա օրերին կշարունակի բլոգոլորտի ուշադրության կենտրոնում գտնվել՝ դա փաստ է:
Հաջորդ նորությունը բոլորովին վերջերս նժդեհյան ազգայնական գաղափարներով տոգորված և իրեն քաղաքականության մեջ վերագտած Պալաչից էր, ով ԲՀԿ-ականների հետ վերջին ընդհարումներից հետո անակնկալ լքել էր Հայաստանը: Բայց ի տարբերություն հայտնի մուլտհերոսի՝ Պալաչը խոստացավ վերադառնալ և արեց դա: Նրա գալուստը հատկապես շուքով նշեցին ՀՀԿ-ականները՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նրան տալով խիստ նկատողություն: Ինչպես հետո պարզվեց Պալաչը միջանձնային հարաբերությունները քաղաքական հարթություն էր տեղափոխել, ինչը ՀՀԿ-ն նրան չներեց:
Շաբաթը նաև Եվրատեսիլի հարցում հստակություն մտցրեց: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը վերջապես խախտեց քնի իր ռեժիմը և հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանը չի մասնակցի այս տարի Ադրբեջանում կայանալիք եվրատեսիլին: Պատճառը Իլհամ Ալիևի հայտարարությունն էր՝ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Հանրայինի այս հայտարարությունն ակնհայտորեն շատերի սրտով չէր, բայց քննարկումներն ապարդյուն էին. որոշումն այլևս կայացված էր:
Իսկ շաբաթվա չորեքշաբթի օրն իսկական պատուհաս դարձավ ֆեյսբուքցիների գլխին: Այդ օրն առավոտյան աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի օգտագործողները Հայաստանում, ինչպես և եվրոպական մի շարք երկրներում շուրջ երկու ժամ շարունակ չէին կարողանում օգտվել կայքից։ Ֆեյբուքցիները վախենում էին վատագույնից, սիրտներն ինչ որ աղետ էր գուշակում: Մի՞թե Ցուկեմբերգը ի վերջո որոշել է փակել կայքը: Բարեբախտաբար ժամեր անց խնդիրը շտկվեց, իսկ ֆեյսբուքը հանդես եկավ հայտարարությամբ. «Այսօր մենք տեխնիկական դժվարություններ ունեցանք, խնդիրն այժմ լուծված է և բոլոր օգտագործողները կրկին կարող են օգտվել Ֆեյսբուքից»: Եվ ֆեյսբուքցիները խորը շունչ քաշեցին և վերադարձան իրենց բնականոն ռիթմին:
Ազգի մշակութային ապագան կործանված չէ, չնայած շարունակում է վտանգված մնալ. Վահրամ Սահակյանը ողջ է և նույնիսկ շնորհակալություն է հայտնում իրեն զորակցելու համար: Շաբաթը նրան հնարավորություն տվեց իրագործել օդափոխվելու նպատակավ երկրից բացակայելու իր վաղեմի երազանքը, ինչն օգնեց նրան ոտքի կանգնել: Իսկ թե օլիգարխներից ո՞րն ականջալուր եղավ սահակյանական օգնության կանչերին, նա չպարզաբանեց: Ամեն դեպքում ուրախ եմ, որ Վահրամ Սահակյանի մոտ ամեն ինչ լավ է:
Մարտի 8: Կանանց միջազգային տոնի ուրախ տրամադրությունը կրկնապատկելու եկան ՀՀ ոստիկանները՝ սկզբում վարորդ կանանց, այնուհետև նաև բնապահպաններին նվիրած ծաղիկների տեսքով: Ոստիկանապետի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ այդ օրը Մաշտոցի պուրակից հեռացրեցին արգելապատնեշները, ինչը, կարծում եմ, բնապահպան կանանց և աղջիկների համար օրվա լավագույն նվերը դարձավ:
Բլոգոլորտի հաջորդ շոկն անսպասելի սողոսկեց: Շոկ, այն էլ «մարմանդ» Գագիկ Հարությունյանից չէինք սպասում: Պարզվեց, որ երկրի սահմանադրական կարգի հիմնական պահպանողն առանց պետմիջոցներով գնված 150.000 դոլարանոց մեքենայի իր աշխատանքը չի պատկերացնում: Կարծում եմ մոտավորապես պարզ է, թե ինչ գրառումներ կատարեց համացանցն այս թեմայով: Պրն Հարությունյա՛ն, բռնվեք:
Շաբաթվա մռայլ տրամադրությունը կտրուկ դրականի վերածեց Գրողների միությունը, երբ հայտնի դարձավ, որ նրա կազմը համալրվել է ևս 40 հոգով: «Այսպես որ շարունակենք` կդառնանք աշխարհի ամենագրողի տարած երկիրը»,- այս գրառմամբ շտապեց բոլորին շնորհավորել ֆեյսբուքյան ակտիվիստ Զոհրապ Եգանյանը: Հետաքրքիր է, թե այս տենդենցի պահպանման դեպքում քանի տարի հետո մեզանում գրողներն ավելի շատ կլինեն, քան ընթերցողները:
Շաբաթվա ընթացքում վիդեոպորտալները պարզապես ողողվեցին Շուշան Պետրոսյանի մամլո ասուլիսից կադրերով, որտեղ նա հայտարեց ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալու իր պատրաստակամության մասին: Սկսել ենք նախանձել շոու բիզնեսից քաղաքականություն տեղափոխվող արտասահմանյան աստղերին: Դե հո իրենցից հետ չե՞նք մնալու: Մենք էլ կարող ենք, այ կտեսնեք: Այս հայտարարությունից հետո լրագրողները Պետրոսյանին ՀՀԿ համագումարում շատ ման եկան, բայց չգտան:
Ի դեպ, ՀՀԿ 13-րդ համագումարի մասին: Շաբաթ օրվա ողջ մամուլը հենց վերջինիս էր նվիրված: Նրանց չէին զիջում նաև բլոգերների հիմնական մասի գրառումները: Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում և ունեցավ մոտ 1 ժամ տևողությյամբ ելույթ, որը բավական բուռն քննարկումների առիթ տվեց: Վերջինիս ամենասուրն արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նախագահին ուղղված բաց նամակով, որում քննարկում էր նախագահի ելույթի տնտեսական մասերը: Ճիշտ է, Բագրատյանի նամակը մինչև վերջ կարդացածների մի մասն էլ սկսեց Բագրատյանին քննադատել, բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է:
Շաբաթվա վիդեոյի հերոսը Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն էր՝ «Հայոց պառկովշիկների», ներեղություն, «Հայոց արծիվների» հանրահավաքում ունեցած իր ելույթով: