Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեին անմիջապես կհետևեն կարկառուն ՀՀԿ-ական բեսպրեդելշիկների ցուցադրական «մատաղները», ու կարծում եմ, որ մատաղացուների ցուցակում առաջինը լինելու է Լիսկան:
Այսօր սրա հերթական հարցազրույցն էի կարդում, որտեղ պարծենում էր, որ արդեն ամեն ինչ պատրաստ է հանրաքվեին Սյունիքում, ու ամեն ինչ նորմալ կանցնի: Զավեշտալին այն է, որ համեստ մտավոր ունակությունների տեր Լիսկան իրոք կարող է չհասկանալ, որ այս հանրաքվեում տոկոս ապահովելն ամենայն հավանականությամբ դառնալու է իր կարապի երգը:
Տեսեք, թե ինչ սցենար եմ ես կանխատեսում. հանրաքվեից հետո իշխանությունները ձեռնամուխ են լինում իմիջային կապիտալ վերանորոգմանը, իսկ դրա համար իշխանությունները վաղո՜ւց արդեն մատաղացուների էին աճեցնում ու թռփոշացնում, որոնց առօրյա բեսպրեդելը կարճաժամկետ հեռանկարում միայն վնասում էր ՀՀԿ-ին, բայց հենց իմաստն էլ դրանում էր: Հեսա հանրաքվեն լինի, կսկսեն նույն լիսկաներին ցուցադրական «արդարությամբ» պատժել բոլոր արած ապօրինությունների համար ու զուգահեռ կզարգացնեն թեզը, թե տեսեք՝ ի՜նչ լավ արդյունքներ տվեցին բարեփոխումները, նոր համակարգում հնի թափթփուկները տեղ չունեն, մեր քաղաքական համակարգը նոր դեմք է ձեռք բերում:
Ու այս տրամաբանությամբ էլ արդեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակում էական փոփոխություններ կլինեն, ու չենք տեսնի այլևս բազմաթիվ անուններ, որոնք, այս գումարման ԱԺ-ում լինելով, պարբերաբար հայտնվում են լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում՝ հերթական ապօրինության կամ էլ սկանդալային արարքի/հայտարարության պատճառով: