«Ինչուի՞կ», թե՞ ԱԺ նստաշրջան... Դիտեք Հ1-ի ուղիղ եթերով։
ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկել է, և օրակարգի հիմնական քննարկման թեման սահմանադրական բարեփոխումներն են:
Երեկ ԱԺ պատգամավորներից մի քանիսը, հարմար առիթ որսալով, բարձրացրեցին սահմանադրական բարեփոխումների հարցն ուղիղ եթերով քննարկելու թեման:
Սրա հետևանքով հայ հասարակությունը հանրային հեռուստաընկերության եթերով առավոտյան ծրագրեր, «Բարի լույս, հայեր» ֆորմատի հաղորդումներ դիտելու փոխարեն այլևս մեկ գավաթ սուրճը կըմբոշխնի ԱԺ պատգամավորների ելույթների ներքո:
Ըստ երևույթին, պատգամավորների գերնպատակն ուղիղ եթերով սահմանադրական բարեփոխումների քննարկումները չէր:
Սա իրականում պատգամավորներից շատերի համար առիթ է, որպեսզի առավոտյան զանգահարեն բարեկամներին ու ասեն. «Կմիացնեք Հ1, էսօր ինձ են ցույց տալու»:
Հատկանշական է, որ ուղիղ եթեր հեռարձակումից հետո փոխվել են պատգամավորների ելույթների տեքստերի բովանդակությունները, ավելացել են խրոխտ կոչերն ու «ազգափրկիչ ագրեսիան»: Բաբուխանյանա-բագրատյանական ռազբորկան սրա վառ ապացույցն է:
Իրականում իրավիճակը կրիտիկական է: ԱԺ ամբիոնից մի մասն իրենց ելույթները կմկմալով, կիսատ-պռատ թղթից դժվարությամբ են կարդում, մի մասն ուղղակի հարց է տալիս հարց տալու համար, իսկ մի մասի հարցերից էլ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, թե սահմանադրության փոփոխությունների մասին միայն «Ռադիո Ջանից» են լսել: