GalaTV.am-ը գրում է.
Եվրոպան արդեն երկար տարիներ փորձում է թոթափել ռուսաստանյան էներգառեսուրսներից ու երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի փոփոխական քմահաճույքներից կախվածության բեռը, եւ հարց է ծագում՝ ինչո՞ւ է այդ մայրցամաքը համաձայնություն հայտնում նոր գազատարի վերաբերյալ, որն էներգետիկ ոլորտում տասնամյակներով իրեն կներքաշի ռուսաստանյան խարդավանքների մեջ՝ դարձնելով շանտաժի զոհ, գրում է Foreign Policy-ն։
Բալթիկ ծովի հատակով մինչև Գերմանիայի Գրաֆսվալդ քաղաքը ձգվող և բազմամիլիարդ դոլարի արժեք ունեցող «Հյուսիսային հոսք» գազատարի թողունակության ընդլայնման վերաբերյալ այս տարի բարձրաձայնված ռուսաստանյան պլաններն ավելի արագ են գործնական ուրվագծեր ստանում, քան սպասելի էր շատերի կողմից։ Ի տարբերություն այլ էներգետիկ նախագծերի, որոնց մասին մշտապես խոսվում է Ռուսաստանում, սակայն որոնք շարունակում են գտնվել սաղմնային փուլում։
Բարձրագույն էշելոնի արևմտյան ընկերությունները, ինչպիսիք են Shell, E. On, BASF և Engie (ավելի վաղ GDF Suez) «Հյուսիսային հոսքի» հզորության կրկնապատկման նպատակով միավորել են իրենց ուժերը ռուսաստանյան Գազպրոմի հետ՝ ակնկալելով, որ երկրորդ ճյուղը շահագործման կհանձնվի արդեն 2019 թ․-ի ավարտին։
10 միլիարդ դոլար արժողությամբ այս նախագծի իրականացման դեպքում Ռուսաստանը վերջապես կկարողանա հրաժարվել Ուկրաինայի՝ որպես տարանցիկ երկրի ծառայություններից։ Դա լավ է Ռուսաստանի համար, որն «ատում է» Կիևին՝ իր գազի արտահանմանը միջամտելու հնարավորություն ունենալու պատճառով։ Սակայն դա կուժեղացնի Ուկրաինայի կախվածությունը ռուսաստանյան բռնապետական մարտավարությունից։ Բացի այդ, որոշ արևելաեվրոպական երկրներ կարող են դատարկաձեռն մնալ, քանի որ նրանք Ռուսաստանից գազ են ստանում Կիևի միջոցով։
Նոր և կատարելագործված «Հյուսիսային հոսքը» երկու պահ է հստակեցնում․ առաջին՝ թեև Ռուսաստանի կողմից հավաստիացումներ են հնչում Ասիայի կողմը շրջադարձվելու և դեպի Արևելք էներգետիկ արտահանման ծավալների կտրուկ ավելացման մասին, սակայն Եվրոպան Գազպրոմի համար շարունակում է առաջնահերթ մնալ։ Երկրորդ՝ չնայած Եվրոպայի բազմաթիվ հայտարարություններին նոր մատակարարներ գտնելու և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ Հին աշխարհի էներգետիկ քաղաքականությունն ավելի շատ ընկերությունների, քան թե պետության ձեռքում է։ Դա բարդացնում է Եվրամիության և դրա անդամների կողմից գործադրված ջանքերը՝ ռուսաստանյան էներգամատակարարներին հակակշռող այլընտրանքային տարբերակներ որոնելու և Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ (ինչը համառորեն պնդում է ԱՄՆ-ն)։