Դեռևս 1-2 տարի առաջ եմ արձանագրել, որ կողմ եմ երկրի կառավարման խորհրդարանական համակարգին: Հիմնական պատճառը վերին իշխանավորին որպես «հայր» դիտարկելու՝ հայաստանցու սինդրոմից ձերբազատվելն է, ինչը սերմանվել է հնուց և վերջնական տեսք ստացել ստալինյան բռնակալության տարիներին: Դա նշանակում է, որ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում հայաստանցին աստիճանաբար կազատվի նշված մտայնությունից, ինչը կստիպի նրան հույս դնել զուտ սեփական ուժերի վրա: Իսկ իրական հասարակություն և պետություն կարող են կառուցել միայն նրանք, ովքեր իրենց ճակատագրի տերն են և ոչ թե իշխանությունից այն ակնկալողները: Կառավարման համակարգի փոփոխությունը, բնականաբար, բերելու է լուրջ համակարգային փոփոխությունների՝ ցանկանա դրանք նախաձեռնողը, թե՝ ոչ, ինչը հենց իմ և ողջ ընդդիմության ցանկությունն է: Ինչ վերաբերում է փոփոխությունների վիճահարույց առանձին դրույթներին, ապա դրանք ընդամենը քննարկելիք հարցեր են, որոնք նաև հընթացս լուծումներ են գտնում: Եվ եթե գործընթացը նախաձեռնվում է Սերժ Սարգսյանի կողմից, սակայն օբյեկտիվորեն հանգեցնում է այդ նպատակների իրագործմանը, ապա դրա դեմ լինելն ինձ համար անիմաստ է:
Այժմ փորձեմ շարադրել սահմանադրական փոփոխություններին կողմ լինելու հիմնավորումները մանրամասնորեն:
1. Քրեաօլիգարիկ համակարգի պայմաններում ընտրություններով իշխանություն չի փոխվում, ինչը նշանակում է, որ 2018-ից կսկսվի նոր բոլորաշրջան, որը կտևի 10 տարի, և այդպես շարունակ, իսկ հեղափոխություն կարծես թե չի ստացվում. 1996, 2003, 2004, 2008 թվականների փորձերը դա են վկայում՝ գումարած ղարաբաղյան խնդիրը:
2. Ռուսական պատմությունից Ալեքսանդր 2-ի փորձը ցույց է տվել, որ հանրությունը չի ընդունում «բարեփոխիչ ղեկավարին», ում այնուհետև փոխարինում է ավելի կարծր մեկը: Իսկ որ Ս.Սարգսյանի ղեկավարությունը Ռ.Քոչարյանի «թեթև» տարբերակն է՝ կասկած չի հարուցում. օրինակ՝ Ա1+-ին էթեր տրամադրելը, «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հանդուրժելը, առանձին հարցերի առումով նահանջները նախկին որոշումներից և այլն: Էլ չեմ խոսում «բարև Ռոբ» արտահայտության համար մարդ սպանել տալը, այն էլ՝ զուգարանում, իսկ Սերժին հայհոյելու համար ընդամենը մի թեթև ծեծվելը: Իսկ Քոչարյանը կարծես թե միտք չունի հրաժարվել վերադարձից: Ավելին՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում վերջինս վկայակոչել է ինչ-որ հանգամանքներ, որոնք կարող են դրդել նրան վերադառնալու ակտիվ քաղաքականություն, ինչպես նաև դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Իսկ դա նշանակում է, որ փոփոխություններին «ոչ» ասող ընդդիմությունը հայտնվել է նրա հետ նույն ճամբարում: Եվ եթե նույնիսկ որպես Հայաստանում տիրող քրեաօլիգարխիկ համակարգը չընդունող անձ ես դեմ լինեի Սերժի նախաձեռնությանը, ապա միայն այն փաստը, որ նրա նախորդը ևս դեմ է դրան, բավարար էր, որպեսզի ես փորձեի հասկանալ՝ ինչն ինչոց է... Որովհետև այն, ինչ ձեռնտու է Քոչարյանին, նույնիսկ տեսականորեն չի կարող ձեռնտու լինել ինձ՝ որպես ընդդիմադիր անձի և շարքային քաղաքացու: Ես կողմ եմ սահմանադրական փոփոխություններին, որովհետև ես դեմ եմ Քոչարյանի վերադարձին, իսկ եթե որևէ մեկը համարում է, որ նա վաղուց արդեն «քաղաքական դիակ» է ու այլևս չի վերադառնա, չնայած, ապա այդպես մտածողից ստիպված եմ խնդրելու, որպեսզի ինքն իր կարծիքը հաստատող «թուղթը» բերի Հայաստանը զավթած քրեաօլիգարխիկ համակարգից...
3. Եթե պահպանվի ներկա համակարգը, ապա ոչինչ չի խանգարում Սարգսյանին, որպեսզի 2017-ին ապահովի ՀՀԿ մեծամասնությունն ԱԺ-ում, իսկ 2018-ին իր լիազորությունների ավարտից անմիջապես հետո մեծամասնականով ընտրվի խորհրդարան՝ ինչ-որ մեկին «խնդրելով» զիջել մանդատը, ինչպես ժամանակին կատարվել էր Ջոնիկ և Հովիկ Աբրահամյանների միջև, իսկ այնուհետև զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Չէ՞ որ ֆորմալ առումով հենց ինքը չի հայտարարել, որ չի դառնալու Աժ նախագահ:
4. Իսկ որ ՀՀԿ-ն մեծամասնություն կկազմի ԱԺ-ում՝ դա կասկածից վեր է. տարեսկզբին Ծառուկյանի պարտությունից հետո մեծամասնական ընտրությունների միջոցով 2017-ին ԱԺ-ում կհայտնվեն միայն Սարգսյանի բարեհաճությունը վայելող անձինք, իսկ դրանք կազմում են յուրաքանչյուր 5 տարին մեկ ձևավորվող խորհրդարանի կազմի 31.5 տոկոսը: Հիշեցնեմ, որ իր պոպուլյարության (դրական իմաստով) գագաթնակետին Նիկոլ Փաշինյանը Երևանում մեծամասնականով «պարտվեց» հասարակությանը բացարձակ անծանոթ մեկին: Իսկ ընդհանրապես խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ մնացած 20 տոկոսը կապահովվի բանակի, ոստիկանության, այլ համակարգերի ծառայողների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև «մեռած հոգիների» ու 5000-10000 հազարական (դրամ) ստացողների հաշվին, ինչպես դա տեղի է ունենում անընդհատ:
5. Քրեաօլիգարխիկ համակարգի համար յուրաքանչյուր արտաքին փոփոխություն մահացու վտանգ է պարունակում, քանի որ այդ համակարգը հզոր է իր կայունությամբ: Գործող համակարգի առումով մեր պայմաններում իդեալական տարբերակը նախագահական միանձնյա կառավարումն է, որի դեպքում «թույլատրելի» են բուրգի գագաթի և կամ նրա հիմքը կազմող առանձին անհատների փոփոխությունները, սակայն ոչ ամբողջական՝ նրա հիմքը շոշափող փոփոխությունները: Սահմանադրական փոփոխությունները դնելու են այնպիսի մեխանիզմի հիմքը, որը տեսանելի ապագայում, անկախ նրա նախաձեռնողի կամքից, օբյեկտիվորեն ազատելու է մեր երկիրը քրեաօլիգարխիկ համակարգից: Խորհրդարանական կառավարումը ենթադրում է ոչ միայն որոշումների կոլեգիալ կայացում, ինչը հազար անգամ ավելի լավ է, քան միանձնյա կայացումը, քանի որ տեսականորեն հնարավոր է դարձնում կուսակցապետության փոխակերպումը նորմալ կառավարման համակարգի և այն էլ առանց արյունահեղության, ինչը որ տեսականորեն անհնար է միանձնյա կառավարման դեպքում:
6. Երբ խոսվում է գործող Սահմանադրության՝ ժգնաժամեր լուծելու կարողության մասին, ապա պիտի ասեմ, որ 1998-ին, օրինակ, Հայաստանում ծագած սահմանադրական ճգնաժամը լուծվել է ոչ թե գործող Սահմանադրության շրջանակներում, այլ հենց դրանից դուրս: Երբ ՀՀ այն ժամանակվա նախագահ Տեր-Պետրոսյանի ձևակերպած՝ մեզ «հայտնի ուժերը» վերջնագիր ներկայացրին նրան, ինքը ոչ թե փորձեց օգտագործել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունը՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար նրան վերջնագիր ներկայացած ուժերի ներկայացուցիչներին ձերբակալելու հրաման տալով, այլ նահանջեց: Ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում Սահմանադրությունը որևէ դեր չկատարեց. ճգնաժամը հանգուցալուծվեց ոչ թե Սահմանադրության շրջանակում և նրա միջոցով, այլ ընդհակառակը՝ ի հեճուկս գործող Սահմանադրության: Նույնն էր 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած իրադրությունը, երբ ՀՀ նախագահը վերածվել էր, իր իսկ խոսքերով, «անգլիական թագուհու», ինչը նախատեսված չէր գործող Սահմանադրությամբ: 2005-ին կատարված փոփոխություններից հետո էլ ոչինչ չխանգարեց, որպեսզի Ռ.Քոչարյանը 2008-ին գարնանը ոտնահարեր գործող Սահմանադրությունը:
7. Այսօր երկրում գործում է որոշումների ընդունման միանձնյա համակարգ՝ վկա 2013-ի սեպտեմբերի 3-ի Սարգսյանի հայտարարությունը ԵՏՄ մտնելու մասին: Խորհրդարանական կառավարման դեպքում նման հայտարարություն կատարած վարչապետը կարող էր կանչվել ԱԺ, հարցապնդումներ արվեին, ինչը նույնիսկ կարող էր կառավարական ճգնաժամի պատճառ դառնալ: Բացի դրանից, վարչապետի նմանօրինակ հայտարարությունը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, ինչը նույնպես կարող է հանգեցնել կառավարական ճգնաժամի, այսինքն՝ վարչապետի հրաժարականին և նույնիսկ նոր ընտրությունների, որի դեպքում մեծապես կավելանային ընդդիմության շանսերը: Նախագահական կառավարման դեպքում նման զարգացումները տեսականորեն անհնար են՝ ինչը և ապացուցվեց 2003-ի սեպտեմբերի 3-ից հետո:
8. Երբ Ս.Սարգսյանը նախաձեռնում էր սահմանադրական փոփոխությունները, դա կատարում էր անձնական և ՀՀԿ-ի իշխանության պահպանման նպատակով, սակայն այն ուներ նաև մեկ այլ ենթանպատակ՝ Հայաստանում կառավարման երկկուսակցական համակարգի ձևավորում: Երկկուսակցական համակարգ ասելով՝ վերջինս նկատի ուներ քրեաօլիգարխիկ համակարգի երկու հիմնական դերակատարներին՝ ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին: Սակայն Ծառուկյանը չկարողացավ կողմնորոշվել իրադարձությունների հորձանոտում և սխալ հաշվարկի պատճառով հայտնվեց խաղից դուրս: Բայց քանի որ գործընթացն արդեն սկսվել էր և պետք էր ավարտին հասցնել այն, ենթադրում եմ, որ նշված համակարգի մաս է կազմելու այսօրվա ԲՀԿ-ն, որը, սակայն, չունի նախորդ ժամանակահատվածի ռեսուրսները և հնարավորությունները, ինչը նշանակում է, որ նա այլևս ի վիճակի չէ կատարելու երկկուսակցական համակարգի երկրորդ, իսկ երբեմն նաև առաջին ջութակի դերը, ինչը նշանակում է նաև, որ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ միություն տեսականորեն կարող է գրավել այն տեղը, որը նախատեսված էր ԲՀԿ-ի համար:
Ինձ մեղադրում են
1. Եթե նախագահի միանձնյա կառավարումը փոխարինվի կուսակցական կառավարմամբ, այն կհանգեցնի կուսակցապետության և ի վերջո բռնատիրության առաջացմանը. որպես օրինակ բերվում է ՍՄԿԿ-ն ու Ստալինը և կամ հյուսիսկորեական տիպի բռնակալությունը:
Պատասխան. նման զարգացումը ենթադրում է, որ այսօր ՀՀ-ում տիրում է «ծաղկուն ժողովրդավարություն», ինչը խորհրդարանական համակարգի անցման դեպքում կվերափոխվի բռնատիրության: Կարծում եմ, որ Քոչարյանի օրոք արդեն իսկ կար բռնատիրություն, այսօր այն ընդամենը մի քիչ քչացել է, իսկ վաղը, եթե Սարգսյանին փոխարինի ավելի կարծր մտածողությամբ մեկը, բռնատիրությունը նորից կգրավի իր տեղը: Կարող է պատահել նաև հակառակը՝ այսինքն նոր, ավելի թույլ նախագահի հայտնվելով բռնատիրությունն ավելի թուլանա, սակայն դա նշանակում է, որ բռնատիրությունը մեր պայմաններում հենց նախագահական համակարգի էությունն է, և դրանից ազատվելու համար պետք է փոխել այդ համակարգը:
2. Կուսակցությունը ղեկավարվում է միանձնյա, և դա շատ վատ է. այսինքն դա նորից կբերի բռնակալության:
Պատասխան. այսօր մեր երկիրը ղեկավարվում է մեկ մարդու կողմից, և դա ոչինչ, սակայն եթե վաղը իշխող կուսակցությունը ղեկավարվի մեկ մարդու կողմից՝ ապա դա շատ վատ կլինի... Ճիշտ ասած՝ մի քիչ դժվար է այս տրամաբանությունը ընկալել, սակայն այնուամենայնիվ, ասեմ՝ վաղը կուսակցությունը կարող է և չղեկավարվել հենց Սարգսյանի կողմից, եթե մեկ մարդ ասելով հասկանում ենք հենց նրան, իսկ նախախագահական կառավարման դեպքում երկիրը միշտ կղեկավարվի մեկ մարդու կողմից: Եվ այդ մեկ մարդը կարող է ունենալ կամ չունենալ ավելի կարծր մոտեցումներ, ինչը շատ ավելի վատ է, քան եթե երկիրը ղեկավարվի կուսակցության կողմից, որովհետև կուսակցական ղեկավարությունը ապրիորի ենթադրում է կոլեկտիվ մտածողություն, և եթե մի ժամանակ այն ղեկավարվի բռնակալական մեթոդներով մեկ անձի կողմից, ապա դրա հաջորդ օրը անպայման կփոխվի, քանի որ կոլեկտիվ մտածողությունը էն գլխից դրված է կուսակցական գործունեության հիմքում, և դրա վկայությունը ոչ միայն արևմտյան երկրների կուսակցություններն են, այլ մեր պայմաններում գործող ավանդական հայկական կուսակցությունները: Ինչը հենց ապահովագրում է, որպեսզի վաղվա կուսակցությունների ղեկավարները չդառնան բռնակալներ՝ ինչպես ժամանակին Ստալինը: Բացի դրանից, երբ 21-րդ դարում հենց բռնակալական տիպից անցում ենք կատարում դեպի կուսակցական տիպի պետություն, ապա ետանցման հնարավորությունները հասցվում են նվազագույնի:
3. Համամասնական ընտրությունների համակարգը սահմանափակում է անհատի ընտրական իրավունքը. խոսքը անկուսակցական պատգամավորի մասին է:
Պատասխան. քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է, այն բիզնես ոլորտ չէ, որպեսզի գործ սկսես ու տանես առաջ կամ տակ տաս: Ճիշտ այնպես, ինչպես դպրոցը ոչ միայն գիտելիք է տալիս (տվյալ դեպքում կարևոր չէ, թե որքան), այլև աշակերտին պարտադրում է մաս կազմել դասարանին և դպրոցին՝ սոցիալիզացնելով նրան, նույնը քաղաքականության ոլորտն է. եթե մարդ ցանկանում է լրջորեն զբաղվել դրանով, ապա անհրաժեշտ է թիմ, իսկ այդ ոլորտում թիմ հասկացությունը ձևավորվել է դարերի ընթացքում՝ դա կուսակցություն է: Միաժամանակ ասեմ, որ զուտ համամասնական համակարգ կարող է սահմանվել նաև նախագահական կառավարման դեպքում. այնպես որ տվյալ հարցը քննարկվող թեմայից դուրս է:
4. Երկրի նախագահին ուղղակի ընտրելու փոխարեն ստիպված ենք ընտրել միջնորդավորված տարբերակով՝ ինչ-որ ընտրիչների խմբի կողմից:
Պատասխան. քանի որ կրճատվելու են նախագահի իրավասությունները և տվյալ պաշտոնը վերածվելու է հիմնականում արարողակարգայինի, այսինքն է կատարելու ավելի շատ նման ֆունկցիա, ապա բացարձակ նշանակություն չունի, թե ինչպես է կատարվում նրա ընտրությունը՝ ուղղակի թե միջնորդավորված:
5. Եթե Սարգսյանը ոտնահարում է գործող սահմանադրությունը, ի՞նչ իմաստ ունի դրա փոփոխությունը. սկզբում թող բարի լինի հարգել այն, իսկ հետո մտածի փոփոխությունների մասին:
Պատասխան. քանի որ երկրում դեռևս իշխում է քրեաօլիգարխիկ համակարգը, ապա Սահմանադրությունը միշտ է ոտնահարվելու՝ լինի դա Սարգսյանը և թե նրա նախորդը և կամ հաջորդը: Հայաստանում Սահմանադրությունը մեծ հաշվով չի գործել դրա ընդունման պահից, որովհետև երկրի քաղաքացին այն ոչ թե նվաճել է տասնամյակների ու հարյուրամյակների համառ պայքարի շնորհիվ, այլ «նվեր» է ստացել իշխանությունից: Եվ այն չի դարձել իր «սեփականությունը», ինչը կդրդեր նույն այդ քաղաքացուն, որպեսզի նա պարտադրեր Տեր-Պետրոսյանին (1996թ.), Քոչարյանին (1998, 2003 և 2008 թթ.) կամ Սարգսյանին (2012 թ.) «հարգել» այն: Եվ ըստ այդմ՝ այն դեռևս երկար ժամանակ կմնա որպես այդպիսին, այսինքն՝ չգործող, ինչը սակայն չի նշանակում, թե չպետք է օգտվել այն բարելավելու հնարավորությունից, հատկապես որ այսպես թե այնպես «ընդունվում» է (1995 և 2005թթ.): Ավելի տրամաբանական չէր լինի՞, եթե դեմ ասելու փոխարեն փորձեինք դարձնել այն ավելի ընդունելի հասարակության համար: Իսկ որ դա հնարավոր է՝ ցույց է տվել 89 հոդվածի 4-րդ կետի՝ ընտրությունների 2-րդ փուլի վերաբերյալ ամենից ավելի վիճահարույց դրույթի փոփոխությունը, իսկ հետո ընդհանրապես դուրս հանումը տեքստից. ուղղակի պետք էր աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ:
Ընդդեմ Սերժի և հանուն քրեաօլիգարխիկ համակարգի, ընդդեմ Սերժի և հանուն ռուսական կողմնորոշման, թե, այնուամենայնիվ, հանուն զարգացման արևմտյան կողմնորոշման և ընդդեմ քրեաօլիգարխիկ համակարգի... «Ոչ» ասելով փոփոխություններին (եթե այն հաջողվի) և չկազմաքանդելով քրեաօլիգարխիկ համակարգը (փաստ չէ, որ մեկը կհաջորդի մյուսին՝ վկա 1995-ի և 2005-ի փորձերը)` մենք տանում ենք հերթական «բարոյական հաղթանակ», իսկ 2018-ին «ստանում» հերթական «ընտրցված» նախագահ՝ արդյունքում ապահովելով հանուն արդարության պայքարի անընդհատությունը: Կողմ լինելով սահմանադրական փոփոխություններին և քաղաքական բազարների մեջ մտնելով Սարգսյանի հետ` ապահովում ենք տեսանելի ապագայում քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել