Երևի մի օր հայ ժողովուրդը կզգա ու կտեսնի իր սխալներն ու բացթողումները, այն անտարբերությունն ու ատելությունը սեփական հայրենիքի հանդեպ, որ այսօր անգիտակից ու գիտակցաբար հոշոտում է իրեն: Չեմ ուզում խոսել սարսափելի արտագաղթի մասին, որ օրեցօր երկիրը դատարկվում է, չեմ ուզում խոսել երկրի աղքատության ու ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, չեմ ուզում խոսել սահմանապահ կիսադատարկ ու չքավորության մեջ ընկղմված գյուղերից, չեմ ուզում խոսել մեր չորս կողմը սփռված անտարբերության ու ամենաթողության մասին, չեմ ուզում խոսել Հայաստանը մի քանի ընտանիքի սեփականություն դարձած և ժողովրդին իրենց ճորտն ու ստրուկը համարող անսրբություն, գազանային համակարգի մասին, չեմ ուզում խոսել...
Խոսքս ավելի դաժան իրողության մասին է, որն ավելի սարսափելի է, քան ցանկացած դժվարություն, որը ծվատում է հոգիս:
Ուղեղս մթագնում է, արյունս կանգ է առնում, երբ տեսնում եմ հայ ժողովուրդին ռեժիմից վախեցած. վախենում են յուրաքանչյուր ոլորտում, վախենում են ամեն քայլափոխի, վախենում են՝ վախը թաքցնելով, վախենում են ու վաճառվում, վախենում են ու քծնում, վախենում են ու պղծում՝ մատաղ սերունդ, մշակույթ, պատմություն, գիր ու գրականություն, երգ ու երաժշտություն և վերջապես որպես մարդ, որպես ինքնություն անէանում, չքվում ու անցնում մեռյալ հոգիների գերեզմանոց...
Մի ժողովուրդ, որ որսորդական հրացաններով, կացինով ու եղաններով, սոված, ծարավ, շրջափակման մեջ երկիրը պահեց ու Ղարաբաղ ազատագրեց` հիմա գլորվում է անդունդը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/372180946208305
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել