60-ը անց ծերացող մարդիկ սպասում են: Երիտասարդները շատացան: Օսիպյանը հարթակին է մոտ է, սպասում է: Մաքսիմը դրոշն առավ ուսերին: Շատացանք: Հանրահավաքը սկսվեց:

Ասացին՝ գնալու ենք մինչև վերջ: Ո՞րն է վերջը – էլեկտրաէներգիայի սակագնի չեղարկում: Եվ էժանացում: Արտուշ Չիբուխչյանն ասաց. «Քանի հոսանքի խնդիրը չի լուծվել, մենք ձեզ հանգիստ չենք տա…»: Այսինքն՝ իշխանություններին… Բայց հենց լուծվեց՝ հանգիստ կտա՞նք: Տուն կգնա՞նք: Էժան էլէկտրաէներգիայով սալիկի մոտ կտաքանա՞նք: Արտուշ Չիբուխչյան, սա ու՞մ որոշելիքն է լինելու:

Դիտարկենք էս պատմության մի հնարավոր ենթատեքստ: Որպես վարկած:

Ասենք՝ մի քաղտեխնոլոգ որոշել է, որ էս ժողովրդի էներգիան, իղձերը, ապագայի տեսիլքը, համընդհանուր թալանի կանխումը, լավ պետություն կառուցելը, մեր հոգնած ու տխուր կառավարչին տուն ուղարկելը, ինքնիշխանության վերականգնելը կարելի է ճարպկորեն հանգեցնել միակ հարցի՝ էլեկտրաէներգիայի ՍԱԿԱԳՆԻ ՉԵՂԱՐԿՄԱՆԸ, - և մի ազգի երիտասարդությանը համոզել է, որ էս է քո առաքելությունը՝ ուրեմն էդ քաղտեխնոլոգը հանճար է, իսկ մենք ազգովին դեգեներատներ ենք: Եվ պատրաստ ենք սակագնային ցեխում դոփել մեկ-երկու տարի: Եվ էնտեղ մարել մեր երիտասարդության էներգիան: Մեր ավագ սերնդի դառը սպասումը: Բայց իրավիճակը նման է, չէ՞, սրան:

Կարծում եք՝ զանգվածը ՍԱԿԱԳՆԻ համա՞ր է գալիս: Չէ՜, զանգվածը գալիս է ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ համար: Իսկ ազատագրության ուղիներն ուրիշ են: Այստեղ և նախաձեռնող խումբը և գործուն զանգվածն իմացության ճանապարհ ունեն անցնելու... Եվ շտապ, հավատացեք...

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

11 սեպտեմբերի 2015թ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել