Ադրբեջանի հանրային կյանքի գլխավոր թեման ուրվագծվում է ամենայն որոշակիությամբ: «Պատիժ», «պատժամիջոց», «բողոք», «հետաքննություն» բառերը բռնել են ամբողջ լրատվական դաշտը: Արտգործնախարարության և արտգործնախարարի գործունեության առթիվ ծագած սկանդալը դեռ չավարտված՝ հիմա էլ խիստ հրատապ է դարձել Ֆրանսիայի պետական Ֆրանս-2 հեռուստաալիքը դատի տալու գործընթացը: Միջնորդագրի էջերի թանաքը դեռ չչորացած՝ այսօր Եվրախորհրդարանն է Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու կոչ արել: Այն տպավորությունն է ստեղծվել, թե Ադրբեջանի կառավարությունը նավթի էժանացման հետևանքով տնտեսական դժվարին վիճակում հայտնված երկրի հոգսերը թողած՝ իր ամբողջ աշխատաժամանակը ծախսում է դատական քաշքշուկի վրա:
Իշխանության առաջնահերթ գործը Ֆրանս-2 հեռուստաալիքը դատական պատասխանատվության կանչելն է: Խեղճերը ցույց են տվել լրագրողական իրենց հետաքննությունը, որտեղ Ադրբեջանն իրավամբ բռնապետություն է անվանվել, իսկ նախագահ Ալիևը՝ բռնակալ: Սեպտեմբերի 8-ին՝ երեքշաբթի օրը, եթեր արձակված ծրագիրը սկզբից ևեթ Ադրբեջանը ներկայացրել է իբրև աշխարհի ամենակոշտ բռնապետություններից մեկը: Համապատասխան որակում են ստացել երկրի նախագահն ու կառավարությունը: Գործադիր իշխանությունը որոշել է լրագրողներին դատական պատասխանատվության կանչել ոչ այլուր, քան Փարիզում և սկսել է այդ գործընթացը: «Ուրիշի տան վրա քար մի նետիր, եթե քո տունն ապակուց է շինված»,- ազդարարում է առածը:
Բայց ադրբեջանցի իշխանավորներն ականջալուր չեն լինում ժողովրդական իմաստությանը: Եվ հատուցումը չի ուշանում. այսօր Եվրախորհրդարանն ընդունել է մի բանաձև, որը կոչ է անում հասցեական պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր խախտել և խախտում են մարդու իրավունքները: Փաստաթղթում նշվել է, որ Ադրբեջանում մեծացել է բռնաճնշման ենթարկված իրավապաշտպանների և լրագրողների թիվը: Բանաձևի հեղինակները Եվրամիության երկրներին կոչ են անում հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանի առաջիկա ընտրությանը դիտորդ ուղարկելու մտադրությունից:
Ստեղծված իրավիճակում մտքի կուրացուցիչ փայլատակման օրինակ է ցույց տվել Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը, ում կոչում են Սիյավուշ Նովրուզով: Առանց գլխին նեղություն տալու՝ այս գործիչը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը համարել է երկրի ընդդիմության և… ուշադրություն դարձրեք՝ հայկական լոբբիի մատնագրերի հիման վրա ընդունված փաստաթուղթ, որն, իբր, իրականության հետ ոչ մի կապ չունի: Անիմաստ է թեման շարունակելը, որովհետև այդ Նովրուզովը ուրիշ ոչ մի հոդաբաշխ նախադասություն չի ասել: Մնում է հպարտանալ մեր՝ հայերիս հմտությամբ ու շնորհքով. չէ՞ որ նովրուզովները հավատացած են, որ իրենց երկիրը կարգի հրավիրելու բոլոր նախաձեռնությունների հեղինակը մենք ենք: