Երկու օր առաջ ֆրանսիական պետական France 2 հեռուստալիքի եթերում «Cash investigation» հետաքննական լրագրողական հաղորդման շրջանակներում լրագրողներն անդրադարձել էին Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումերին, հարցադրում արել, թե ինչպես է Ֆրանսուա Օլանդը սեղմում բռնապետ Ալիևի ձեռքը, բացահայտել էին մի քանի ֆրանսիացի պաշտոնյաների, ովքեր հանուն խավիարային դիվանագիտության աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի վրա: Լրագրողները նաև պատմել էին, թե ինչպես են Բաքվում հետապնդել իրենց, բռագրավել նյութերը և ընդդիմադիր գործիչների հետ արված հարցազրույցները, ջնջել դրանք: Այնուհետև լրագրողներն Ադրբեջանը տոլերանտության երկիր անվանող Մեհրիբան Ալիևային հարցրել էին ձերբակալված Յունուսի ու Իսմայելովայի մասին ու արժանացել Մեհրիբանի թիկնապահների կոպիտ վերաբերմունքին: Արդյունքում ֆրանսիացի լրագրողները ճիշտ եզրակացության էին եկել` Ադրբեջանը անվանելով բռնապետություն, իսկ Ալիևին էլ՝ բռնապետ:
Այս ամենը, պարզվում է, առաջացրել է Ադրեջանի զայրույթը, այնտեղ որոշել են, որ իրենց զրպարտում են` անվանելով բռնապետություն ու պատրաստվում են դատական հայցեր ներկայացնել բոլոր նրանց դեմ, ովքեր այսուհետև իրենց ու իրենց նախագահին նման կերպ կանվանեն:
Հիմա ամենահետաքրքիրը` փաստորեն, եթե Ադրբեջանում պատրաստվում են այսուհետև բոլորին դատի տալ, ուրեմն նշանակում է՝ մարդիկ առաջիկա մի քանի տարիներին լիքը զբաղվելիք ունեն, քանի որ բոլոր միջազգային կառույցները, դրանց կողմից հրապարակվող զեկույցներն Ադրբեջանը հենց բռնապետություն էլ անվանում են: Առաջատար բազմաթիվ պարբերականների խմբագրականներում Ալիևի վարչակարգն աշխարհում ամենառեպրեսիվներից մեկն է ներկայացվում ու այսպես շարունակ: Ալիևին Եվրոպայում այնքան ծափահարեցին, որ հիմա մտածում է, թե Ֆրանսիան ու մյուս երկրներն իր համար հենց Ադրբեջան են, որ կան, ու կարող է աջ ու ձախ բոլորին լռեցնել` ավանդական ձևով սուտ մեղադրանքներ հրամցնելով:
Իրականում France 2-ի լրագրողների դեմ դատական հայցը պետք է որ բավական մտահոգիչ լինի միջազգային հանրության համար և բերի վերջինիս կողմից Ադրբեջանի դեմ հստակ քայլերի, քանզի Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում միջազգային մակարդակում պայքարել խոսքի ազատության դեմ` այն էլ սկսելով այնպիսի երկրից, ինչպիսին Ֆրանսիան է: